Բաժիններ՝

«Դեկտեմբերին էր եկել արձակուրդ, եկել էր մեր խանութ, որ ծաղիկներ առնի մամայի համար»․ հրդեհի հետևանքով զոհված 19-ամյա Պավլիկն ընտանիքի միակ որդին էր

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանում այս գիշեր բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից մեկը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Պավլիկ Աբազյանն է։

Աչաջուր բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Ղալթախչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Պավլիկը ընտանիքի միակ տղան էր, 1.5 տարի առաջ էր մեկնել ծառայության։

«Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ճարտարագիտական համալսարան, դասի էլ չէր գնացել 1 օր, միանգամից զոչակոչվել էր։ Այս ամռանը պետք է զորացրվեր, այն էլ․․․»։

Աչաջուր գյուղի բնակիչներից Սևադա Ղուկասյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ Պավլիկը սպորտով էր զբաղվում, բազմաթիվ հաջողություններ էր գրանցել այդ բնագավառում։ Պատմեց, որ մոտ 1 ամիս առաջ էր արձակուրդ եկել։

Կարդացեք նաև

«Դեկտեմբերի 25-ին քրոջ հարսանիքն էր, դեկտեմբերի 23-ին մի շաբաթով արձակուրդ էր եկել, անմիջապես եկել էր մեր խանութ, որ ծաղիկներ առնի իր մամայի համար, ծաղիկներով տուն մտնի։ Մի քիչ զրուցեցինք, հարցրեցի՝ Նոր տարուն այստե՞ղ ես լինելու, պատասխանեց՝ չէ, ամսի 30-ին գնալու եմ, ինձ առաջարկեցին, որ արձակուրդս 10 օրով լինի, Նոր տարին էլ տանն անցկացնեմ, բայց հրաժարվեցի։ Ասաց՝ անցած տարի այնպես էր ստացվել, որ Նոր տարվան տանն եմ եղել, չէի ուզում՝ 2 տարի ծառայեմ ու 2 տարին էլ Նոր տարին տանը դիմավորեմ, 7 օրով եմ արձակուրդ ուզել, որ դեկտեմբերի 31-ին ծառայության մեջ լինեմ։

Շատ լուսավոր տղա էր։ Ես իրենց զորամաս էլ եմ գնացել, տեսել եմ, այդ տունը, որ պայթել է, այդտեղ ինձ հյուրասիրել են ծառայակից ընկերներով, որոնք ևս զոհվել են․․․»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Տեսանյութեր

Լրահոս