«Թուրքիայի ԱԳՆ-ից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ըստ ամենայնի կմասնակցեմ»․ Արարատ Միրզոյան
Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանն անդրադառնալով վերջերս Թուրքիայի կողմից Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումների արգելքի վերացմանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց, թե ի՞նչ փուլում է գտնվում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքում ձեռք բերված մյուս պայմանավորվածությունը՝ 3-րդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը։
Միրզոյանը նախ դրական քայլ գնահատեց Թուրքիայի կողմից 2 երկրների միջև օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը, բայց նաև նշեց, որ կան բազմաթիվ այլ հարցեր, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում․
«Մենք լիահույս ենք, որ առաջիկայում մյուս պայմանավորվածությունները կամ մյուս թեմաները, որոնց շուրջ խոսակցություն է ընթանում, իրականություն կդառնան։
Բավական երկար ժամանակ է արդեն, մեր 2 ներկայացուցիչների միջև հանդիպում տեղի չի ունեցել, փոխարենը՝ արդեն էքսպերտային մակարդակում ավելի գործնական քննարկումներ, հանդիպումներ են եղել։ Կրկնում եմ՝ քայլը դրակա՛ն է, սպասում ենք մյուս թեմաների մարմնականացմանը»։
Արձագանքելով նախարարին՝ ՔՊ-ական պատգամավորը հարցրեց, թե արդյոք առաջիկայում Թուրքիայի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում սպասվո՞ւմ է, ինչին Միրզոյանը դրական պատասխան տվեց․
«Երկու հատուկ ներկայացուցիչների հանդիպում առայժմ նախատեսված չէ, պայմանավորվածություն դեռևս չկա, բայց ուզում եմ տեղեկացնել, որ ես կրկին, ինչպես անցած տարի Թուրքիայի արտգործնախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և, ըստ ամենայնի, կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում։ Կարծում եմ, որ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի առարկայական արդյունքների հանգեցնելու համար»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում