«Թավշյա խուլիգանական հեղափոխությունը որ չլիներ, այսօր այս վիճակին չէինք լինի»․ զոհվածի հայր

«Իմ դեմ էլ են գործ հարուցել, այն կկայանա 2023-ի հունիսի 15-ին»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը: Նա էլ իր բախտակից ծնողների հետ եկել էր Վարչական դատարան՝ աջակցելու պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։

Վարչական դատարանը նախորդ տարեվերջին էր վարույթ ընդունել Ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների։

Ոստիկանությունը ներկայացրած հայցով պահանջում է Գարիկ Գալեյանին ենթարկել պատասխանտվության Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելըորը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Վահիդ Սահակյանը հույս հայտնեց, որ կգտնվեն դատավորներ, որոնք կկարճեն այս գործերը։

Կարդացեք նաև

«Մենք այսօր պայքարում ենք հանուն մեր ազգի ապագայի։ Մեր նպատակը մեկն է, մենք միշտ դեմ ենք եղել այս իշխանության արտաքին և ներքին քաղաքականությանը և հիմա էլ ասում ենք, որ այս իշխանությունները պետք է հեռանա՛ն, սա է ազգի միակ փրկությունը։

2018 թվականին այդ չարաբաստիկ հեղափոխություն են ասում, ինչ են ասում, այդ խուլիգանական հեղափոխությունը որ չլիներ, այսօր այս վիճակին չէինք լինի․․․»։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի, տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս