«Ո՞նց կարելի է ծնողին, որը կորցրել է իր ամենաթանկին, բիրտ ուժ կիրառելով՝ քաշքշել»․ զոհվածի մայր
«Այս ամեն ինչի հանդեպ իմ գնահատականն ուղղակի 0 է, ուղղակի ամենացածր մակարդակի վրա է»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որն ի աջակցություն 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի, իր բախտակից ծնողների հետ շտապել էր Վարչական դատարան։
Գարիկ Գալեյանի, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների տասնյակ ծնողների նկատմամբ Վարչական դատարանը Ոստիկանության հայցադիմումի հիման վրա դեռ նախորդ տարեվերջին էր վարույթ ընդունել։ Ոստիկանությունը դատարանին ներկայացրած հայցով պահանջում է Գարիկ Գալեյանին ենթարկել պատասխանատվության Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, որը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Զոհված զինծառայողի մայրը, որի նկատմամբ ևս 2022 թվականի սեպտեմբերի 21-ին ոստիկանության աշխատակիցները բիրտ ուժ էին կիրառել, ասաց, որ որևէ մեկն իրավունք չուներ և չունի իրենց հետ նման կերպ վարվելու, քանի որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնը դարձել է իրենց առաջին տունը, այնտեղ իրենց որդիներն են ննջում․
«Ո՞նց կարելի է ծնողին, որը կորցրել է իր ամենաթանկին ու որը գտնվում է իր տանը՝ Եռաբլուրում, իսկ Եռաբլուրը մեզ համար մեր առաջին տունն է, ոչ թե երկրորդ, հետևաբար՝ ոչ մեկն իրավունք չունի մեզ մեր տնից բիրտ ուժով քաշքշի, դուրս հրավիրի, մանավանդ, որ ոստիկանների կողմից ոչ մի հրահանգ չի էլ եղել, որ մենք չենթարկվեինք․․․»։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերաթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի, տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում