«Փաշինյանն էսօր էլ է ապագա խոստանում, ասում է՝ 2022-ը շատ լավ ենք փակել, 2023-ն ավելի լավ ենք փակելու, ավելի շա՞տ ենք հող հանձնելու»․ հարցում Կապանում

168.am-ը շարունակում է շրջել Հայաստանի տարբեր մարզերով, քաղաքներով և գյուղերով, զրուցելու քաղաքացիների հետ, լսելու նրանց մտահոգություններն ու խնդիրները։ Մեր նկարահանող խումբն այս անգամ շրջել է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի փողոցներով, զրուցել քաղաքացիների հետ։ Եթե նախկինում մարզային այցերի ընթացքում նման հարցումներին մարդկանց հիմնական դժգոհությունները սոցիալական թեմաներին էին առնչվում, ապա այսօր բոլորը մտահոգված էին սահմանային իրավիճակով։

Կապանի բնակիչ 68-ամյա Գագիկ Դավթյանը, որ օրվա ապրուստը վաստակում է տաքսի վարելով, մեզ հետ զրույցում ասաց, որ հիմնական դժվարությունը սահմանների հարցն է.

«Սահմանների խնդիրները որ լուծվի, էլ խնդիր չկա, նորմալ է։ Էսօր Կապանում ավելի շատ աշխատատեղեր կան, քան ուրիշ քաղաքներում։ Միայն անվտանգությունն է, շրջափակման մեջ ենք։ 1991-1992 թվականներին մենք կարողացանք հաղթահարել այս դժվարությունները․․․»։

Մեկ ուրիշ կապանցի տղամարդ ևս սահմանային անվտանգության վերաբերյալ իր անհանգստությունը հայտնեց․

Կարդացեք նաև

«Թուրքը եկել նստել ա սաղ գյուղերում, դրանից անհանգստացնող ուրիշ ի՞նչ կա, որ գյուղը գնում ես, ադրբեջանցիները դիմացին կանգնած են, բոլոր գյուղերն այդ վիճակում են, բացի էս մի քանի գյուղը։ Բոլորն անհանգստանում են, ի՞նչ կլինի վերջը, չգիտենք»։

Հարցին՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ իշխանության կատարած քայլերն ինչպե՞ս եք գնահատում, կապանցի տղամարդն այսպես պատասխանեց․

«Ես քայլ չեմ տեսնում, բացասական եմ գնահատում, շատ վատ։ Իշխանության գործունեության արդյունքում չե՞նք մենք այս վիճակում»։

Դիտարկմանը, թե 2021 թվականի ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաև կապանցիներին էր ապագա խոստացել, մեր զրուցակիցն ասաց․

«Դե, ապագա էսօր էլ է խոստանում, ասում է՝ 2022 թիվը շատ լավ ենք փակել, 2023-ն ավելի լավ ենք փակելու, ավելի շա՞տ ենք հող հանձնելու․․․»։

Քաղաքացիներից մեկ ուրիշն էլ Փաշինյանի խոստացած ապագային այսպես արձագանքեց․

«Ի՞նչ ապագա, ներկան թող ցույց տա։ Պողպատե մուրճով եկավ, բայց ի՞նչ արեց, ո՛չ մի բան։ Ինքը մենակ լավ ասում է։ Ինքն ասում էր՝ կոռուպցիա, բա հիմա ի՞նչ է, 4 տարվա մեջ ո՞նց կարող ես միլիարդատեր դառնաս, իր աշխատանքը ես 0 եմ հաշվում»։

Հարցված քաղաքացիներից մեկ ուրիշն էլ ասաց, որ այս ծանր իրավիճակից դուրս գալու միակ ելքը ճիշտ դիվանագիտություն վարելն ու զինվելն է․

«Միայն անվտանգություն, միայն զենք, պետք է զինվենք։ Թուրքը միայն մի բան է հասկանում, որ դու իրենից ուժեղ ես, ինքը ոչ մի բան չի կարող անել․․․»։

Թշնամի պետության ղեկավար Ալիևը վերջին շրջանում կրկին հոխորտում է, թե, այսպես ասած, Զանգեզուրի միջանցք լինելու է, անկախ նրանից՝ Հայաստանը դա ուզի՞, թե՞ ոչ, ուստի Կապանի բնակչին հարցրեցինք, թե ինչպե՞ս կարձագանքեն, եթե մի օր պարզվի, որ գործող իշխանությունը ժողովրդի թիկունքում հերթական փաստաթուղթն է ստորագրել և տարածքներ հանձնել թշամուն․

«Պետք է դատվի, եթե իրոք անվտանգությունը խախտել է, եթե իր մեղքով է կատարվել։ Դավաճանություն է կոչվում դա, եթե հանկարծ պարզվի, որ իրոք ստորագրել է ի վնաս ժողովրդի։ Հիմա մեզ Մոնթե է պետք, Անդրանիկ է պետք, Նժդեհ է պետք, մեզ հայրենասեր մարդիկ են պետք, որ այս Կառավարությանը հանեն»։

Եվ վերջում մեր զուցակիցն ասաց, որ այս պահին կարևորն Արցախի անվտանգության հարցն է․

«Առաջին հերթին Արցախում մեր պաշտպանությունը պետք է տանենք, որ հաջորդը Սյունիքը չլինի։ Մոնթեն ի՞նչ էր ասում՝ եթե Արցախի էջը փակեք, հաջորդը Սյունիքն է, հիմա հասել են Սյունիքին։ Մենք հիմիկվանից մեր պաշտպանության մասին պետք է մտածենք, բայց քնած ենք, թեկուզ ես քաղաքացի եմ, բայց ներսում չեմ տեսնում այդ կազմակերպվածությունը․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս