«Դժվա՞ր է ձեր անձնակազմին հավաքեք, ասեք՝ ինչ պետք է անեն». Հրաչյա Սարգսյանը՝ թաղապետերին

Երևանի վարչական շրջանները քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման  վարչություն են ներկայացրել 483 անձի ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի կողմից՝ 83, Կենտրոն վարչական շրջանի կողմից՝ 57, Նոր Նորք վարչական շրջանի կողմից՝ 120, և Շենգավիթ վարչական շրջանի կողմից՝ 223 գործ:  Հունվարի 16-ին քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը՝ հավելելով, որ տեղեկատվությունը ստուգվել և ուղարկվել է իրավաբանական վարչություն:

«Երկու վարչական շրջանները՝ Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն, գրավոր ներկայացրել են, որ չունեն այլևս պարտավորություն: Ավանը բանավոր է ասել, որ ավարտել են, գրավոր դեռ չենք ստացել»,- հավելեց նա:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե մնացած 5 վարչական շրջաններն ինչ  են արել, թաղապետերը հայտնեցին, որ կշտկեն, կտեղեկացնեն:

Քաղաքապետը զայրացած հայտարարեց. «Ժողովուրդ ջան, ամեն մեկիդ  հարցը 5 անգամ տվել եմ, ամեն մեկիդ մեկ հանձնարարական է  7 օրվա ընթացքում: Ձեր ենթակայության տակ է եկամուտների հաշվառումը, և ոնց որ լիքը մարդ ունեք, որ չգիտեմ՝ ինչով են զբաղված: Դժվա՞ր է էստեղից դուրս գաք, ձեր անձնակազմին հավաքեք, ասեք՝ ինչ պետք է անեն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս