Շրջանառվող վիրուսները վտանգավոր են նրանով, որ երեխաները երկար ժամանակ՝ գրեթե 3 տարի, չեն հիվանդացել. համաճարակաբան
2023 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված ակտիվության միջին ինտենսիվություն։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացության ցուցանիշները նվազել են 1.3 անգամ, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1.9 անգամ։ Ընդհանուր դեպքերի շուրջ 68%-ը կազմում են մինչև 18 տարեկանները։
ԿԳՄՍ նախարարությունից 168.am-ին հայտնեցին, որ հունվարի 11-ի դրությամբ ՀՀ դպրոցներում բացակայությունների ցուցանիշը եղել է 2.2 տոկոս:
Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ՝ բացի գրիպից, կա վիրուսների փունջ: Սեզոնային վերելքում է գտնվում նաև ջրծաղիկը:
«Շրջանառվող վիրուսները վտանգավոր են նրանով, որ երեխաները երկար ժամանակ՝ գրեթե 3 տարի, չեն հիվանդացել, քանի որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում Հայաստանում խիստ սահմանափակումներ էին մտցվել, վարակվելու հնարավորությունը նվազեցնելու համար: Ու այդ իջած, ոչ սպեցիֆիկ իմունիտետի վրա այս փունջը գրոհում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մերի Տեր-Ստեփանյանը՝ հավելելով, որ վիրուսային շրջանը կտևի մինչև մարտ: Եվս մեկ փոքր վերելք կլինի ապրիլի վերջին:
Ինչ վերաբերում է ջրծաղիկին՝ համաճարակաբանը նշեց, որ գաղտնի շրջանը 10-21 օր է: Այդ ընթացքում սկսվում է ինքնազգացողության վատացում, ջերմություն և արտահայտվում է ցանով:
«Եթե ջրծաղիկով հիվանդին խնամողն արդեն հիվանդացել է դրանով, մեծ մասամբ վտանգավոր չէ, քանի որ ջրծաղիկը տալիս է կայուն իմունիտետ: Ջրծաղիկը վարակիչ է վերջին ցանային էլեմենտի դուրս գալուց հետո ևս 5 օր»,- նշեց Մերի Տեր-Ստեփանյանը:
Հավելենք, որ եթե երեխայի մոտ առկա է քթահոսություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ, մկանացավ, ապա անհրաժեշտ է դիմել ընտանեկան բժշկին՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Թույլ չպետք է տալ, որ երեխան հաճախի նախադպրոցական և ուսումնական հաստատություն: Հիվանդին խնամելիս պետք է կրել դիմակ, երեխային տալ հնարավորինս շատ հեղուկ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն սուր շնչառական վարակների բուժման համար: