Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելն է. ՀՀ ԱԳ նախարարը՝ Լյուքսեմբուրգի գործընկերոջը
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ:
Արարատ Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից կեղծ բնապահպանական հիմնավորումներով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը:
«Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկելու Լեռնային Ղարաբաղի հայությանը՝ այս համատեքստում կարևորելով միջազգային հանրության հստակ կոչերը և հասցեական քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ` Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: