«Վերջացրեք այս ամենը, ռուս խաղաղապահները չլինեին, մենք այստեղ չէինք լինի». Ռուբեն Վարդանյան
«Արցախ։ Շրջափակման մեկ ամիս». Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում Երևանից լրագրողը հարց ուղղեց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին, թե արդյո՞ք նրան գոհացնում է ռուս խաղաղապահների աշխատանքը, և արդյո՞ք ռուս խաղաղապահ զորակազմի ղեկավարի հետ զրուցել է Բերձորի միջանցքի բացման մասին, և ի՞նչ պարզաբանում է ստացել։
Ռուբեն Վարդանյանը պատասխանեց, որ ռուս խաղաղապահներն ունեն սահմանափակ լիազորություններով մանդատ։
«Նրանք այստեղ շատ քիչ քանակով են, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս իրավիճակը փոխվի։ Մեր անվտանգության հարցերից է ոչ միայն մեր ներքին համախմբվածությունը՝ աշխարհում ուշադրություն գրավելու համար, այլև ռուս խաղաղապահների քանակն ավելացնելը, և՛ զենքն ուժեղացնելը, և՛ մանդատի իրավունքներն ավելի շատ ստանալը և երակարաժամկետության հարց լուծելը։ Անվտանգության հարցն ամենակարևոր հարցերից է արցախցիների համար, և ինչն օգնելու է այդ գործին, մենք ամեն ինչ անելու ենք, որ ռուս խաղաղապահն իրեն այստեղ լավ զգա, որ նա զգա, որ այստեղ իսկապես մեծ դեր է խաղում, զգա, որ մենք հայերով ոչ թե իրենց դեմ ենք, այլ իրենց կողքին ենք։
Վերջ տվեք թիրախավորել ռուս խաղաղապահներին, դուք հասկանո՞ւմ եք, որ օգնում եք ադրբեջանցիներին, վերջացրեք այդ ամենը, վերջացրեք, ռուս խաղաղապահները չլինեին այստեղ, մենք այստեղ չէինք լինելու։ Ամեն անգամ այդ հարցը տալիս եք, որ ես նրանց քննադատեմ, նման բան չեմ անելու»,- նշեց Ռուբեն Վարդանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում