«Հայաստանից արձագանքը պետք է ավելի բարձր հնչեր». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 32 օր շարունակ փակ պահելու թեմայով այսօր կազմակերպված «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջին մասնակցող Արցախի Հանրապետության ներկայացուցիչները Ստեփանակերտում և Երևանում պատասխանում էին Արցախի, ՀՀ-ի և օտարերկրյա լրատվամիջոցների հարցերին և ներկայացնում իրավիճակն Արցախում:
Արցախի պետական նախարարին ուղղված հարցերից մեկին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր են ակնկալում Հայաստանից, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց.
«Մենք ունենք մի քանի լուրջ խնդիր։ Առաջինը, մարդիկ, որ ապրում են Հայաստանում, 100 տոկոսով չեն հասկանում, թե ինչ է նշանակում շրջափակում, և այդ ինֆորմացիան հասցնել, թե ինչ է նշանակում շրջափակման դժվարությունները, շատ կարևոր է։
Երկրորդ՝ մենք Հայաստանում ունենք հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են դիմել տարբեր համաշխարհային, միջազգային կազմակերպություններին՝ նշելով մարդու իրավունքի խախտումները․․․
Ինձ թվում էր, որ արձագանքը և ՀԿ-ներից, և պետական մարմիններից, և Ազգային ժողովից ավելի բարձր պետք է հնչեր, որովհետև աշխարհում ի վերջո շատ դժվար է այդ ձայնը լսելի դարձնել բոլորին․․․»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհը փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում