«Ադրբեջանի ղեկավարն Արցախում էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականություն է իրականացնում»․ Արցախի ՄԻՊ
«Կարող ենք փաստել, որ գործ ունենք մարդու իրավունքների լայնածավալ, հետևողականորեն իրականացվող և համակարգային խախտումների հետ, ինչը միջազգային իրավունքի լեզվով կոչվում է հանցագործություն մարդկության դեմ»,- հունվարի 12-ին, թշնամի Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհը փակելու 32-րդ օրը «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում ասաց Արցախ Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Արցախի շրջափակումը հանցագործություն է, և փաստերն առավել քան խոսուն են․
«Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով, երկրի ղեկավարի մակարդակով իրականացնում է էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականություն։ ՄԻՊ-ի գրասենյակը մոնիտորինգ է իրականացնում տեղում, և հակիրճ կարող եմ անդրադառնալ որոշ իրավունքների խախտումներին, համատարած խախտումներին, և երևի թե առաջնահերթ պետք է խոսենք կյանքի հետ անմիջականորեն առնչվող իրավունքի մասին։ Սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը հստակ ամրագրում է՝ յուրաքանչյուր մարդու և իր ընտանիքի պատշաճ սնվելու և բավարար կենսամակարդակի իրավունք, ինչը նշանակում է ֆիզիկական և տնտեսական հասանելիություն ունենալ սննդամթերքի և դրա մատակարարումների։
120.000 մարդ 1 ամիս շարունակ ուղիղ զրկված է այս իրավունքից, և ինչպե՞ս այլ ձև կոչել սա, եթե ոչ՝ հանցագործություն․․․»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհը փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում