«Ո՞վ է ասել, որ այլընտրանքային ճանապարհը ըտենց երաշխավորված է». Փաշինյան
Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը կառուցելու սցենար եղել է՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհ ունենա։
Նա, սակայն, մինչ հարցին անդրադառնալը՝ արձագանքեց, թե «ամեն ինչի» տակ ի՞նչ նկատի ունի լրագրողը:
Ի պատասխան արձագանքի, որ առնվազն այլընտրանքային ճանապարհ ունենալու առնչությամբ՝ ամեն ինչ, Փաշինյանը մանրամասնեց. «Այդպիսի սցենար էլ է եղել։ Մենք այդ ուղղություններով աշխատել ենք, բայց հենց գետնի վրա իրականությունն այդքան պարզ չէ. իսկ ո՞վ է ասել, որ այլընտրանքային ճանապարհը երաշխավորված է, ո՞վ է ասել, որ ճանապարհը կարող էր փակվել միայն այդտեղ և չէր կարող փակվել դրանից մեկ կիլոմետր այն կողմ։ Արդյո՞ք դա վստահելի պնդում է. բացարձակապես ո՛չ:
Համենայն դեպս, ՀՀ կառավարությունը 2022 թվականին 170 միլիարդ դրամի ուղիղ ֆինանսավորում է իրականացրել Լեռնային Ղարաբաղին. պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թվի մասին է խոսքը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանն այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցում կարող էր միայն տրամադրել ռեսուրսներ, և, որ Լեռնային Ղարաբաղի իրադրությանն առնչվող որոշումները պետք է կայացնեն ԼՂ իշխանությունները:
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև կան հարցեր, որոնց վերաբերյալ տարակարծություններ կան, Փաշինյանը պատասխանեց, որ իր տպավորությամբ՝ այդպիսի հարցեր չկան, որովհետև մշտական հաղորդակցության մեջ են:
Մանրամասները՝ տեսանյութում