Ռուբեն Վարդանյանից ՔՊ-ն վտանգ է տեսնում. փորձ են անում ոչնչացնել. Կարեն Քոչարյան
Ռուբեն Վարդանյանը ՔՊ-ական չէ, Փաշինյանի նկարն էլ չի կախում իր գլխավերևում: Ադրբեջանն արդեն 29 օր է՝ Արցախում ապրող մեր 120 հազարից ավելի հայրենակցի պահում է շրջափակման մեջ, իսկ Հայաստանի իշխանությունը աշխարհաքաղաքական կենտրոնների վրա մուննաթ գալուց կամ որոշներից էլ մուրալուց զատ՝ որևէ գործնական քայլ չի անում՝ մեր հայրենակիցների փրկության համար։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ շեշտելով.
«Ավելին՝ ցույց են տալիս, որ բաժանվել են, և, ինչպես ասում են, ալիմենտ են տալիս, և այդքանով՝ վերջ։ Եթե Ամանորի ուղերձում իշխանության ղեկավարը մի քանի անգամ ասում է՝ 29.800, դա նշանակում է, որ հայտարարում է՝ գործ չունեմ Արցախի հետ, թեև, ես չէի, որ մի քանի տարի առաջ գոռում էր, թե Արցախը Հայաստան է, և վերջ»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ հայկական երկու պետությունների համար ստեղծված այս ծանրագույն իրավիճակում առաջնահերթ համարելով ընդդիմության լրջացումը։
«Ընդդիմությունը հիմա պետք է լրջանա. ունի անելիք։ Այո՛, փորձեր արել են մինչև հիմա ինչ-որ բան անելու, բայց, եթե չի ստացվել խորհրդարանում, պետք է փորձել կա՛մ հիբրիդային տարբերակով մի բան փոխել, կա՛մ՝ Ազգային ժողով + փողոց տարբերակով, կա՛մ միայն փողոցով։ Այս հարցում շատ լուրջ պետք է լինի նաև Հայ Առաքելական եկեղեցու դերակատարումը. եկեղեցու, որը պետականության բացակայության ժամանակ ստանձնել է պետության գործառույթը, իսկ այսօր մենք ևս նման իրավիճակում ենք՝ դե յուրե պետականություն կա, դե ֆակտո՝ ոչ»,- ասաց Կարեն Քոչարյանը։
Նրա փոխանցմամբ՝ հստակ անելիք ունի նաև Արցախի իշխանությունը, որի ներկայացուցիչներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ՝ ինչպես հայաստանյան որոշ, այդ թվում՝ իշխանական, այնպես էլ՝ ադրբեջանական շրջանակներում կա ընդգծված բացասական վերաբերմունք, ինչը, ըստ Քոչարյանի, ունի իր պատճառները։
«Ռուբեն Վարդանյանը ՔՊ-ական չի, իսկ ով այդպիսին չի և ՔՊ-ական նախարարների և փոխնախարարների նման Նիկոլ Փաշինյանի նկարը չի կախում գլխավերևում և աստվածացնում, նրան փորձ են անում ոչնչացնել։ Ադրբեջանական կողմը ևս ունի նման ցանկություն՝ Վարդանյանին համարելով ռուսական պրոյեկտ։ Իրականում խնդիրն այն է, որ Ռուբեն Վարդանյանից ՔՊ-ն վտանգ է տեսնում, որովհետև Վարդանյանի հասցեին չեն կարող ասել՝ նախկին։ Յուրաքանչյուր նոր գործիչ, որը չի ասոցացվում նախկին բառի հետ, նախկինում Հայաստանում պաշտոն և լծակ չի ունեցել, Փաշինյանի իշխանության համար ամենամեծ վտանգն է, քանզի այս իշխանության միակ հաղթաթուղթը՝ «նախկինը», սկսում է չաշխատել»,- ասաց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում