«Ա՜յ տնային տնտեսուհի ջան, շերեփդ թափ տալով՝ ռազմաբազա ես այստեղից ուզում հանե՞լ». Կարինե Նալչաջյան
«Երբեք չպետք է մոռանանք, որ գործ ունենք թուրքի հետ. թուրքը չի փոխվում, իր նպատակներն ու հեռահար ձգտումները մնացել են նույնը: Ի տարբերություն մեզ՝ թուրքը ունի ձևակերպված գաղափարախոսություն, որը նպատակասլաց ձևով փորձում է իրականացնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ ընդգծելով, որ մեր գոյությունը թուրքի համար խանգարող հանգամանք է, դրա համար պատմական տարբեր փուլերում մեզ վերացնելու, իրենց երազանքների ճանապարհից հանելու նպատակն իրականացնում են:
«Արցախի Հանրապետությունը դարձել է պաշարված ամրոց: Ասում են՝ երբ թուրքը ուզում է ինչ-որ մեկին ոչնչացնել, գրկախառնվում է և գրկի մեջ խեղդում է. Արցախի օղակումը գրկախառնության պես մի բան է, ուզում է խեղդել Արցախը: Եթե մարդկանց թվում է, թե միայն Արցախն է օղակված թուրքով, չարաչար սխալվում են: Հայաստանը նույնպես օղակված է, պարզապես Արցախի հետ կապված իրենք մի փուլ առաջ են անցել»,- շեշտեց նա:
Հոգեբանի խոսքով՝ Ադրբեջանը մի կողմից հոգեբանական ճնշում է իրականացնում, մյուս կողմից՝ մեզ ֆիզիկապես ոչնչացնելու ծրագիր է իրականացնում.
«Այս ամենին պետք է հակազդել: Ասել, որ Արցախը պինդ է, դիմացկուն, է, այո, Արցախը պինդ է, արժանապատիվ է, դիմացկուն է, բայց եկեք չմոռանանք, որ արցախցին գերմարդ չէ, արցախցուն պետք է օժանդակել: Ի՞նչ անել: Ես կողմնակից եմ բոլոր հնարավոր լուծումների համադրմանը:
Հայաստանի ժողովուրդը այսօր դեպրեսիվ վիճակում է, այնքան շատ է ատելությունը, զզվանքը, անելանելիության զգացողությունը, որ այդ վիճակում մարդիկ իրենք իրենց չեն կարող համախմբել և ինչ-որ մի բան անել: Բայց եթե ինչ-որ մի կայծ բռնկվի, մենք կտեսնենք, թե ինչ թափով արդեն մարդիկ ոտքի կկանգնեն և այս ինքնասպանական վիճակից դուրս կգան:
Ես շատ մեծ նշանակություն եմ տալիս հայության սփյուռքահայ հատվածին: Այսօր մենք ունենք շատ մեծ Սփյուռք, և մեր Սփյուռքի հայրենակիցները մեր թիկունքին պետք է կանգնեն: Համախմբվեք, հարգելիներս, հայրենիքը այսօր ձեր կարիքն ունի, այնպիսի մի աղմուկ պետք է բարձրացնել աշխարհով, որ այսպիսի բան է կատարվում, ձեր սիրելի 21-րդ դարում, երբ մարդու իրավունքների մասին են թմբկահարում, 120 հազար մարդու խեղդամահ են ուզում անել, ոչնչացնել են ուզում: Ինչքան ուզում է՝ արժանապատիվ ու տոկուն լինեն այդ մարդիկ, իրենց օժանդակել է պետք:
Սփյուռքահայ մեր հայրենակիցներ, տանը մի նստեք, դուք վախենալու բան չունեք, եթե Հայաստանում ինչ-որ մեկը վախենում է, որ աշխատանքը կկորցնի, հալածանքներից է վախենում, դուք դա կազմակերպեք, աշխարհը այսօր պետք է ցնցվի ադրբեջանցիների անբարոյական այս քայլից»:
Կարինե Նալչաջյանը նկատեց՝ եթե աշխարհի ամենատարբեր երկրներում մեր հայրենակիցները ցույցեր անցկացնեն, բողոք բարձրացնեն, այդ կայծը կարող է տարածվել նաև Հայաստանում.
«Ժողովրդին ոտքի հանելու համար ոգևորել է պետք: Եթե Սփյուռքը ակտիվ լինի, կարող է լոկոմոտիվ դառնա: Ես ասացի, որ կողմ եմ բոլոր տեսակի լուծումներին, այդ թվում՝ ուժային: Այստեղ շատ կարևոր են մեր նորմալ հարաբերությունները ռուսների հետ, ոչ թե տարբեր խայծեր կուլ տալով՝ դուրս գալ Ռուսաստանի դեմ:
Ռուսաստանը հիմա այնպիսի վիճակում է, որ թուրքերի և ադրբեջանցիների հետ հավասարակշռված հարաբերություններ է պահում, բայց ռուսը շատ լավ հասկանում է՝ ով է իր բարեկամը, ով՝ թշնամին:
Ինչպես կիսագրագետ ու անգրագետ ձևով 2018թ. վեր կացան ու առանց հաշվի առնելու աշխարհաքաղաքական իրողությունները՝ լափի ու լափամանի տրամաբանության մեջ պետության հիմքերը քանդեցին, հիմա նույն տրամաբանությամբ հակառուսական տրամադրություններ են տարածում:
Արևմուտքը միջոցներ չխնայելով՝ բուծել է դավաճաններ, այդ դավաճանական որջերը հիմա շատ-շատ են, և իրենք գումարներ ստանալով՝ հասարակ ժողովրդին ուղղակի քաոսի մեջ են դնում: Ցավոք, դա աշխատում է, որովհետև քարոզչությունն իրենք գրագետ են տանում: Այս մուտանտ իշխանությունները հրաշալի կատարողներ են:
Մեկ էլ տեսնում ես՝ մարդը, որն այնքան հեռու է մասնագիտական կարողություններից, այնպես ոգևորությամբ է ուզում, ասենք, ռուսական ռազմաբազան Հայաստանից հանել, որ ուղղակի մտածում ես՝ ա՜յ տնային տնտեսուհի ջան, շերեփդ թափ տալով՝ ռազմաբազա ես այստեղից ուզում հանե՞լ, հետո ի՞նչ ես անելու այդ շերեփովդ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում