
«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի հնարավորությունները կընդլայնվեն

«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը մշակվել է կորոնավիրուսի համավարակի շրջանում, ցույց է տվել բարձր արդյունավետություն, և դրա մշակումները ապագայում օգտակար կլինեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այլ թվային նախագծերի մշակման ժամանակ։ Այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված է ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։
Հավելվածը ժամանակին մշակվել է ԵԶԲ-ի կողմից և ավելի վաղ արժանացել է ADFIAP Sustainable Awards մրցանակին՝ «տեխնոլոգիաների զարգացում» անվանակարգում։
Սարգսյանը նշեց, որ նման պրոդուկտը կորցնելը այն բանից հետո, երբ համավարակը նահանջել է, և սահմաններն արդեն բաց են, սխալ կլինի։ Պրոդուկտն ունի բազմաթիվ օգտակար ծառայություններ:
«Կարծում ենք, որ ապագայում «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» նախագիծը կընդլայնվի։ Խոսքը առաջին հերթին վերաբերվում է ընդհանուր շուկայում աշխատող ԵԱՏՄ երկրների քաղաքացիների առողջության պահպանման խնդիրներին։ Մեր հավելվածը ներկայում շարժվում է աշխատանքային միգրանտի առողջության մասին տեղեկատվություն պարունակելու ուղղությամբ, և մենք փորձում ենք ստանդարտացնել տվյալները, որպեսզի դրանք տարածված լինեն եվրասիական տարածքում»,- ասաց նա։
Հետագայում նախատեսվում է ԵԱՏՄ-ի շրջանակներում ստեղծել միասնական բժշկական քարտ։ Քարտի ստեղծումը կնպաստի և՛ առողջապահական քաղաքականության մեջ ընդհանուր մոտեցումների մշակմանը, և՛ միասնական ապահովագրական համակարգի ներդրմանը, և դրանից կարող են օգտվել տնտեսական միության երկրների ապահովագրական ընկերությունները։ Սարգսյանը նշեց, որ բջջային հավելվածն այժմ ունի 800 հազար օգտատեր։
Ինչ վերաբերում է ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին, ապա միջոցառումն անցկացվում է երկրորդ անգամ: Գաղափարն է՝ ընտրել ԵԱՏՄ երկրների ընկերությունների լավագույն նախագծերը՝ ուղղված ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը։
Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարում թվայնացումը առաջնահերթ նշանակություն ունի կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ինտեգրացիոն նախագծերում: