Միգրացիայի հետևանքով փաստացի առանց ծնողների մեծացող երեխաների խնդիրները ուշադրության կենտրոնում. ավարտվել է պիլոտային ծրագիրը
«Լքված երեխաների վրա միգրացիայի բացասական ազդեցության նվազեցումը» պիլոտային ծրագիրը վեր է հանում միգրացիայի հետևանքով փաստացի առանց ծնողների մեծացող երեխաների խնդիրները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Միլենյում» կրթահետազոտական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Դինա Մանուկյանը նշեց, որ ներկայում ակտիվ միգրացիան իր ազդեցությունն է թողնում ընտանիքի կառուցվածքի և ներընտանեկան հարաբերությունների վրա: Աշխատանքային միգրացիայի պատճառով ընտանիքները կանգնում են լուրջ խնդիրների առաջ, որոնց ուսումնասիրությունն ունի կարևոր գործնական նշանակություն:
«Այս պիլոտային ծրագրով մենք փորձեցինք հասկանալ, թե խնդիրն ի՞նչ պատկեր ունի մեր երկրում, ո՞ր ոլորտներին է այն առնչվում, ովքե՞ր են հետաքրքրված կողմերը և որտեղի՞ց պետք է սկսել աշխատել: Այն պիլոտային է և դեռևս իրականացվել է Վանաձոր և Ալավերդի քաղաքներում: Ծրագրի շրջանակում փորձել ենք համախմբել այդ խնդիրների շուրջ հետաքրքրված անձանց, ովքեր նման խնդիրների հետ աշխատում են, գոնե այն քաղաքներում, որտեղ ծրագիրը պիլոտային իրականացվել է, որոշակի ինֆորմացիա տրամադրել նրանց և փորձել խոսել նաև այն կառույցների հետ, ովքեր կարող են աջակցել»,-ասաց նա :
Դինա Մանուկյանն ընդգծեց, որ Վանաձոր և Ալավերդի քաղաքներում համագործակցել և խնդիրների մասին խոսել են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների՝ մասնավորապես սոցիալական բաժինների, հոգաբարձուների խորհրդի, միասնական սոցիալական ծառայության և սոցաշխատողների հետ:
Հանդիպել են նաև մի քանի նման կարգավիճակում բնակվող ընտանիքների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ, ովքեր աշխատում են նշված տարածաշրջանում և հետաքրքրված են հիմնախնդրով:
«Մենք մեծ հույս ունենք, որ պիլոտային ծրագիրը, որն արվեց խնդրի բացահայտման նպատակով, կշարունակվի և թեմայի շուրջ կառաջանա հետաքրքրություն շահագրգիռ կողմերի մոտ»,-ասաց Դինա Մանուկյանը:
Նա ընդգծեց, որ իրենց կազմակերպությունն արդեն քսան տարուց ավելի աշխատում է Հայաստանի բոլոր մարզերում, և հիմնական շեշտը դրված է համայնքների զարգացման հիմնախնդրի վրա՝ տարբեր բնագավառներում: Զբաղվում են երիտասարդների հիմնախնդիրներից սկսած մինչև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ապակենտրոնացման, բյուջետավորման ծրագրերի մշակման, կանանց և երեխաների հիմնախնդիրների և համայնքներում տուրիստական ծրագրերի իրականացմամբ:
Մանուկյանի խոսքով՝ աշխատանքային միգրացիայի միջոցով ծնողները փորձում են ֆինանսական բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց երեխաների համար՝ իրականում բաց թողնելով առավել կարևոր հարցեր երեխաների տարրական խնամքի, պաշտպանության, դաստիարակության և որպես առողջ անհատի ձևավորման գործում:
«Դաստիարակության կարևոր ինստիտուտ է հանդիսանում ընտանիքը: Այն, ինչ երեխան ձեռք է բերում վաղ տարիքից ընտանիքում, պահպանում է ամբողջ կյանքի ընթացքում: Ընտանիքը կարող է հանդես գալ որպես դաստիարակության դրական և բացասական գործոն»,-ասաց նա՝ ընդգծելով այն փաստը, որ ոչ լրիվ ընտանիքներում մեծացող երեխաները այսպես կոչված ռիսկի խմբին են պատկանում և նրանց անձի ձևավորումը կարող է որոշակի դժվարություններով ընթանալ, իսկ աշխատանքային միգրանտների թիվն աճում է օրեցօր: