Խմելու ջրի սակագինը կբարձրանա՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հայտարարեց, որ խմելու ջրի սակագինը բարձրանալու է՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով։
«Կառավարության կազմակերպած և 2016 թվականին ավարտված միջազգային մրցույթի արդյունքում պետական սեփականություն հանդիսացող խմելու ջրի համակարգերի օգտագործումն ու պահպանումը և համապատասխան ծառայությունների մատուցումը 2017 թվականի հունվարի 1-ից 15 տարի ժամկետով՝ վարձակալության պայմանագրի շրջանակներում իրականացվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից։ Այդ մրցույթի արդյունքում արդեն ձևավորվել ու ճշգրտվել է վարձակալության հետագա 15 տարիների ընթացքում ջրամատակարարման և ջրահեռացման կեղտաջրերի մաքրման բազիսային սակագները, որոնք ենթակա են ճշգրտման՝ 4 գործոններով պայմանավորված»,- հանձնաժողովի նիստում նշեց Աշոտ Ուլիխանյանը։
Ըստ նրա, առաջինը՝ մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունն է, կանխատեսված բազիսային ծավալի նկատմամբ, այնուհետև սղաճն է, երրորդը՝ ընկերությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը, չորրորդը՝ ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործելը։
Նրա խոսքով՝ բացի վերը նշված չորս գործոններից, որևէ այլ գործոն բազիսային սակագների վրա ազդեցություն չի ունենում։
«2023 թվականին փոփոխված բազիսային սակագինը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար ամրագրված է 183,6 դրամ, սկզբնական 212, 4 դրամի փոխարեն, որն էլ ենթակա է ճշգրտման։ Համաձայն վարձակալության պայմանագրի, «Վեոլիա ջուր» ընկերության լիցենզիայի պայմանների՝ ընկերությունը պարտավոր է մրցույթի արդյունքում ձևավորված և լիցենզիայի պայմաններով ամրագրված բազիսային սակագների ճշգրտման նպատակով յուրաքանչյուր տարի դիմել հանձնաժողով։ Ընկերությունը հաշվի առնելով գործող իրավակարգավորումները վարձակալության 7-րդ տարում, այսինքն՝ 2023 թվականի համար ամրագրված բազիսային սակագնի ճշգրտման նպատակով այս տարի օգոստոսի 8-ին հերթական անգամ հայտ է ներկայացրել հանձնաժողով։ Մասնավորապես, ընկերության կողմից մանրածախ մատուցվող ծառայությունների գումարային ճշգրտված սակագինը հաշվարկվել և բոլոր սպառողների համար առաջարկվել է 209 դրամ մեկ խորանարդի համար»,- շեշտեց նա։
Այս որոշումն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում