«Լունապարկի» վթարված ատրակցիոնն ուսումնասիրության արդյունքում հունիսին ստացել է փորձագետի դրական եզրակացությունը
Նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ «Լունապարկ»-ի տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում նստարաններից մեկը պոկվել և մոտ 6 մետր շպրտվել էր։ Մարմնական լուրջ վնասվածքներ էր ստացել 1994 թվականին ծնված Մոլդովայի քաղաքացի Աբաբի Յակովը։
«Լունապարկ»-ի տարածքում ԱԻՆ փորձագետները ուսումնասիրեցին երկու օր առաջ պոկված և մեկ մարդու մարմնական վնասվածքներ պատճառած ատրակցիոնը: Դեպքի առնչությամբ ստեղծվել է հանձնաժողով, իրականացվելու է փորձաքննություն:
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը 168.am-ին հայտնեց, որ Տեսչական մարմինը խաղային ատրակցիոնների բացման սեզոնին ընդառաջ ուսումնասիրություններ է կատարել մանկական բոլոր ժամանցի վայրերում, զննվել են գործող ատրակցիոնները:
«130-ից ավելի ատրակցիոնների վերահսկողության արդյունքում պարզվել էր, որ դրանցից 113-ը շահագործման համար ստացել է դրական եզրակացություն, որից 68-ը միայն մայրաքաղաք Երևանում էր: Վթարված ատրակցիոնը ևս հունիս ամսին անցել է համապատասխան փորձաքննություն և մասնավոր ընկերության՝ «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ-ի փորձագետի կողմից ստացել է դրական եզրակացություն: Տեսչական մարմնի վերահսկողությունն այս դեպքում բացառապես փաստաթղթային է: Եվ, քանի որ հատուկ մասնագիտացված ընկերությունների ու որակավորում ունեցող փորձագետների կողմից է իրականացվում այդ փորձաքննությունը, դա մեզ համար հիմք է, որ տվյալ ատրակցիոնը համարվի անվտանգ՝ շահագործման համար»,- նշեց Ելենա Զոհրաբյանը՝ հավելելով, որ դեպքի հետ կապված հանձնաժողով է ստեղծվել, որպեսզի դեպքի բոլոր հանգամանքները պարզվեն: