«Սերժ Սարգսյանի դեմ հայցադիմումով վկան վարձահատույց է եղել այս իշխանություններին». Ամրամ Մակինյան
«Դեռևս այս դատական նիստը մեկնարկելու ժամանակահատվածում ես ի սկզբանե ասել էի՝ սպասեք անակնկալների, և դրանք շարունակվելու են… Համոզված եմ, որ բոլորն էլ հասկացան, թե առանցքային վկան ո՞վ է ընդհանրապես՝ մի մարդ, ով միլիոնավոր դոլարների պարտքեր է ունեցել և այս գործի արդյունքում, համենայն դեպս փաստերն այդ մասին են խոսում, էդ միլիոնավոր դոլարների պարտքերից ձերբազատվել է: Եվ շատ ուշագրավ է, որ երբ այդ վկային բնակարանից վտարելու հայցադիմում է մուտքագրվել դատարան, դրանից հետո է ծնվել էս դիմումը, էս քրեական գործը: Ու դրանից հետո մինչ օրս վկան գտնվում է իր բնակարանում, էն դեպքում, որ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»,- այսպես կոչված, «Դիզելի գործով» դատական նիստից հետո ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով այս գործով առանցքային վկա Սևան Քոչարյանին:
Պաշտպանը նշեց՝ իրենք դատարանին ուղիղ, փաստարկված, վկայակոչելով դատական ակտերը, ցույց են տվել, որ վկա Սևան Քոչարյանը որևէ կարողություն չուներ այս ծրագիրն իրականացնելու, և ծրագիրը շատ ճիշտ տրվել է ընկերության, ով կարող էր այն իրականացնել:
«Հարցը միայն գինը չէ: Մենք հիմնավորեցինք, որ ընկերությունը չի ունեցել տնտեսական կարողություններ, ունեցել է միլիոնավոր դոլարների պարտքեր, և նաև անձի անցյալը փաստարկված ի ցույց դնելով՝ մենք հիմնավորեցինք, որ տվյալ պրոյեկտը պետք է լիներ Սևան Քոչարյանի հերթական տապալումը, և եթե ընկերությունը որոշեր, որ այն պետք է իրականացնի «Սոբրանիե» ընկերությունը, ծրագիրը հերթական անգամ պետք է տապալվեր»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Անդրադառնալով դատական նիստի ընթացքում վկային կատարած հարցադրմանը՝ ինչո՞ւ է հայցադիմումը ներկայացրել 2020թ. մարտի 15-ին, և վկայի այն պատասխանին, թե այդ օրն է նպատակահարմար գտել, պաշտպան Մակինյանն ասաց՝ իր ներկայացրած փաստերից շատ ակնհայտ էր, որ այդ դիմումը ներկայացնելուց շատ կարճ ժամանակ, մոտավորապես մի ամիս առաջ Սևան Քոչարյանին իր տնից վտարելու հայցադիմում էին արդեն ներկայացրել դատարան:
«Եվ այսօրվա իշխանություններին հաճո դիմումով, որտեղ Սևան Քոչարյանը հանիրավի մեղադրում էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, անձն իմ համոզմամբ՝ վարձահատույց է եղել այս իշխանություններին: Փաստերն այդ մասին խոսում են: Մինչև այսօր էլ վկան իր բնակարանում ապրում է և այլևս բանկերին չունի այդ միլիոնավոր դոլարների պարտավորությունները, քանի որ դրանք սնանկության արդյունքում «ջրվել են»»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Նրա խոսքով՝ այս ամենն այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ ամոթալի էր, և ինքն էլի մի առիթով ասել է, որ եթե այսքան քչփորելուց հետո այս մեղադրանքով են դատարան եկել՝ Սերժ Սարգսյանին մեղադրելու, դա ամենաբարձր գնահատականն է Երրորդ նախագահի գործունեության վերաբերյալ, չնայած ինքը հեռու է այն մտքից, որ այս իշխանությունները պետք է գնահատեն Սերժ Սարգսյանի արածը:
«Վկան ոչ մի կոնկրետ ցուցմունք չէր տալիս այն հարցերի վերաբերյալ, որոնք գործի համար էական նշանակություն ունեին: Ես հարցադրումներ արեցի իր վկայակոչած բազաների հասցեների գտնվելու վերաբերյալ, ոչինչ չասաց, որովհետև այդպիսիք չկան, դատարանին ոչ ճիշտ տեղեկություններ հայտնեց իրենց տնտեսական հնարավորությունների, մասնավորապես՝ մեքենաներ ունենալու վերաբերյալ… Այսինքն՝ ստացվում է, որ մի անձ, ով ունեցել է միլիոնավոր դոլարների բացասական մնացորդ, «ազնիվ խոսքով» փորձ է արել մասնակցել ծրագրին և ներկայացնել անիրատեսական գին… Ինչո՞ւ… Որովհետև իմ խորին համոզմամբ՝ չէր էլ պատրաստվում այդ ծրագիրը մինչև վերջ հասցնել: Այդ ժամանակ պետական իրավասու համապատասխան անձինք հասկացել են, որ եթե ծրագիրը տրվեր «Սոբրանիե» ընկերությանը, այն պիտի տապալվեր: Տրվել է մի ընկերության, ով կարող էր այդ ծրագիրն ամբողջ ծավալով իրականացնել, որը և իրականացվել է»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում