«Կարծում եմ՝ չի գտնվի դատավոր, ով կփորձի մեզ՝ ծնողներիս, տուգանել». Գարիկ Գալեյան

Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողները հերթական ակցիան էին կազմակերպել  Քննչական կոմիտեի շենքի մոտ:

«Ասում են՝ մեր ընտանիքներ մի մտեք: Բա որտե՞ղ մտնեմ, որ ձեր ընտանիքներ չմտնեմ: Դուք պետությանը պետք է ծառայեք, ոչ թե Նիկոլ Փաշինյանին: Եթե պետությանն եք դավաճանում: Ո՞նց բացատրենք այս կարմիր բերետավոր ոստիկանների արարքը: Հարցումն ուղարկել ենք, Վահե Ղազարյանը մինչև հիմա ինքնություններ է ճշտում: Ոստիկաններից մի քանիսին մենք ենք նույնականացրել, որպեսզի Քննչական կոմիտեի Արգիշտիի գործառույթը հեշտացնենք: Ես չեմ հասկանում՝ էս երկրում ինչքան ուժային կառույց կա՝ ամեն մեկն իրար դեմ են աշխատում, երկրին նպաստող ոչինչ չեն անում»,- լրագրողների հետ զրույցում ասել էր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ապա հարց բարձրացրել, թե գոնե մեկ ոստիկանի բացահայտե՞լ են, որ մեղադրանք առաջադրեն:

«Գիտենք, որ մի 6 հոգու մեղադրանք կառաջադրեն, մի քանիսը քավության նոխազ է լինելու, բայց իրենց հրաման տվողն ո՞վ է եղել: Զինվորական զորամաս է, ոստիկանն այնտեղ իրավունք չուներ ծառայություն իրականացնել: Մենք էլ քաղաքացիական ակցիա չենք իրականացրել, իրենց հայտարարած դիվերսանտները, պարզվեց՝ ոստիկաններ են, Փաշինյանն իր ոհմակով: Նիկոլ Փաշինյանն ի՞նչ գործ ունի, որ գա Եռաբլուր: Եթե մարդը իր հայրենիքը չի սիրում… զարմանում եմ ոստիկանների տրամաբանության վրա: Եթե մի մարդ կանգնում, բարձր ասում է, որ Շուշին դժգույն քաղաք էր, խաղաղություն է մուրում, նա ի՞նչ պետական արարողակարգ պետք է կատարի: Վազգեն Սարգսյանի շիրիմին էր մոտենալու… տո սպարապետին իր հալալ ախպերներն են ուրացել, ինչի՞ մասին է խոսքը: Մեզ բերման են ենթարկել, ոստիկանի օրինական պահանջը չենք կատարել, արդեն դիմել են Վարչական դատարան, օրինակն ինձ է ուղարկվել, կարդացել եմ մի քանի տող, հետո հասկացա, որ Գ.Գալեյանը  դարձել է Ա.Ավանեսյան: Կփորձեն պատասխանել, որ տեխնիկական վրիպակ է, բայց չէ, անգրագիտություն: Կարծում եմ՝ չի գտնվի դատավոր, ով կփորձի մեզ՝ ծնողներիս, տուգանել»,- մանրամասնեց Գալեյանը՝ հավելելով, որ այսօր եկել են հետաքրքրվելու՝ ոստիկանները հարցաքննվե՞լ են, թե՞ ոչ:

Ծնողները լրագրողներին տեղեկացրին նաև,  որ իրենք հարցաքննվել են՝ որպես տուժող,  մարմնական վնասվածքներ ստացածներն էլ բժշկական քննություն են անցել:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս