Բաժիններ՝

Ինչո՞ւ Սուրմալուի շինաղբը չի հասնում աղբավայր. դժգոհում են նուբարաշենցիները

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում 16 մարդու կյանք խլած պայթյունից շաբաթներ անց միայն սկսվեցին կիսափլուզված շենքի ապամոնտաժման աշխատանքները։

Հոկտեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանը համաքաղաքացիներին շտապել էր տեղեկացնել. ««Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ: Հոկտեմբերի 12-ից՝ Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը»:

Պարզվեց, սակայն, քաղաքապետարանի այս հապճեպ ծանուցումն իրականությանն այնքան էլ չի համապատասխանում, քանի որ, թեև տարածքը մաքրվել է, իսկ  շինաղբը «Սուրմալու»-ից տեղափոխվել է, սակայն չի հասել Նուբարաշենի աղբավայր, այլ ուղղակի թափվել է աղբավայրի հիմնական տարածքից դուրս՝ ճանապարհի ինչ-որ հատվածում՝ ձևավորելով նոր աղբավայր:

Կարդացեք նաև

Երևանի ամենամեծ աղբավայրի խնդիրներով առանց այս դրվագն էլ գերմտահոգ նուբարաշենցիները 168.am-ի հետ զրույցում դժգոհեցին՝ նշելով, որ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո Հայաստանում ամենաբարձր մակարդակում հայտարարություններ արվեցին աղբահանության ոլորտի կարգավորման վերաբերյալ, սակայն այսօր հների հարցը չլուծած՝ իշխանությունները նոր աղբավայրեր են ձևավորում:

Թե ինչո՞ւ շինաղբը չի հասել աղբավայրի տարածք, այլ թափվել է Նուբարաշենի գերեզմանամերձ տարածքում՝ մեր հարցին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից փոխանցեցին, որ դա Քննչականի պահանջն է:

«Ասել են՝ առանձին տեղ թողեք, որովհետև դեռ կարող են քննչական գործողություններ լինել: Երբ քննչականը պահանջը հանեց, աղբը տեղափոխվելու է համապատասխան վայր»,- մանրամասնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվական վարչության պետ Լևոն Սարդարյանը:

Թե ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել կամ իրականացվելու այստեղ՝ անհայտ է ու անհասկանալի՝ հաշվի առնելով նաև,  որ այդ տարածքում մարդիկ նաև ազատ ելումուտ ունեն:

168.am-ը կապ հաստատեց նաև Քննչական կոմիտեի հետ՝ այս հարցերի պարզաբանումների ակնկալիքներով, սակայն մեր հարցադրումները չստացան կոնկրետ պատասխաններ:

ՔԿ-ից միայն վերահաստատեցին. «Համապատասխան քրեական վարույթով նշանակված փորձաքննության շրջանակներում հնարավոր են նյութերի ուսումնասիրության հետ կապված լրացուցիչ աշխատանքներ, ինչով պայմանավորված՝ դեռևս առկա է ապամոնտաժումից հետո մնացած զանգվածի՝ առանձնացված տեղանքում պահպանման անհրաժեշտություն»:

 

Տեսանյութեր

Լրահոս