Ինչ հետևանքների է հանգեցնում D վիտամինի պակասը
D վիտամինն օրգանիզմի համար անհրաժեշտ տարր է։ D վիտամինի մոտ 20%-ը մենք ստանում ենք սննդի միջոցով, մնացած 80%-ը սինթեզվում է մեր մաշկի մեջ՝ արևի լույսի ազդեցության տակ։
Կարելի է ասել, որ D վիտամինը հորմոնանման նյութ է։ Այն մասնակցում է բջիջների բաժանման գործընթացին, կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը, ազդում է հակաբորբոքային պրոցեսների վրա և պատասխանատու է դոֆամինի և սերոտոնինի արտադրության համար։
shantnews-ի փոխանցմամբ՝ բժշկական գիտությունների թեկնածու, Սեչենովի համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ Գուզել Ռունովան «Looking» մեդիա հարթակին ասել է, որ այս կենսաբանական ակտիվ նյութի պակասը փոխհատուցելու համար անհրաժեշտ է օրական մոտ 30 րոպե անցկացնել արևի լույսի ներքո։ Ի դեպ, եթե դուք օգտագործում եք արևապաշտպան քսուք, այն գրեթե ամբողջությամբ արգելափակում է վիտամին D-ի ընդունումը:
«Հաշվի առնելով, որ այժմ բոլորը վախենում են արևի ակտիվ լույսից, շատերը պաշտպանում են իրենց արևապաշտպան քսուքով: Եթե մարդը 30-ից ավելի SPF պարունակող քսուք օգտագործի, դա գրեթե ամբողջությամբ կարգելափակի վիտամին D ստանալու հնարավորությունը: Նույնիսկ ամռան ամիսներին բնակչության մեծ մասը կունենա վիտամինի անբավարարություն»,- ասաց նա:
Այս տարրի պակասը հատկապես վտանգավոր է երեխաների դեպքում։ Երեխայի մոտ D վիտամինի անբավարարությունը կարող է հանգեցնել ռախիտի: Եվ, իհարկե, ռիսկային գոտում են տարեցները, որոնց մոտ արդեն իսկ ոսկրերի կոտրվածքների մեծ ռիսկ կա։
Սակայն D վիտամինի մեծ չափաբաժիններ ընդունել նույնպես պետք չէ, քանի որ դրա ավելցուկը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Օպտիմալ չափը որոշելու համար միշտ ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ: