Չշշկռվեք հանկարծ, չգաք, չասեք՝ պաստառները խանգարում են. գերու ծնողի նյարդերը տեղի տվեցին
Այսօր գերեվարված ու անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիայի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ:
Երբ հարազատները Ազատության հրապարակից քայլերթով հասան Հանրապետության հրապարակ, ուր մեծ թափու ընթանում են ամանորյա տոնածառի և Եվրատեսիլի բացման արարողության նախապատրաստական աշխատանքները, իրենց հետ բերած պաստառները տեղադրեցին եվրատեսիլյան պաստառների հարևանությամբ:
Պաստառները գերին վերադարձնելու կոչեր էին պարունակում:
Այդ պահին նրանց մոտեցավ անվտանգության աշխատակիցներից մեկը, ով թերևս փորձում էր հեռացնել դրանք՝ ասելով, որ պաստառները խանգարում են:
Ծնողներից մեկի նյարդերը տեղի տվեցին, ու սկսվեց վիճաբանություն: Անվտանգության աշխատակցին արագ հեռացրին տարածքից:
«Ձեր պլակատանե՞րն են կարևոր թե՞ մերը: Սրանից կարևոր ոչ մի բան չկա էս երկրում: Չշշկռվեք, չգաք, ասեք՝ հանի…»,-զայրացավ գերվեարված զինծառայողի ծնողը:
Հիշեցնենք, որ 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Մենք այսօր չենք կարողացել լուծել գերիների հարցը: Բայց դուք նաեւ պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության եւ մեր ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո՛, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար: Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: