Ամենաշատը ո՞ր երկրներից են գալիս Հայաստան և ո՞ւր են գնում
2022թ. հոկտեմբերին Հայաստան է եկել 154․000 զբոսաշրջիկ, իսկ սեպտեմբերին եկել էր 198․074 զբոսաշրջիկ, տեղեկանում ենք զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջից։
Ի դեպ, 2021-ի հոկտեմբերին Հայաստան էր եկել 98․970 զբոսաշրջիկ։
2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1․400․000 մարդ` նախորդ տարվա 718․000-ի դիմաց։
2022 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանից (շուրջ 46 %)։ Հաջորդ տեղում Վրաստանն է (8%), որին հաջորդում են Իրանը (7%), ԱՄՆ-ը (4%) և Գերմանիան (2%): Ինչ վերաբերում է սեռին, ապա ՀՀ եկածների շուրջ 60 տոկոսը տղամարդիկ են։
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք, թե ամենաշատը ո՞ր երկրներից են գալիս Հայաստան և ո՞ւր են գնում, «ԱՆ ՆՈՒՌ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Աննա Նավասարդյանը հայտնեց, որ Հայաստան են այցելում հիմնականում Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Չինաստանից, Վիետնամից, Սիրիայից, Բեյրութից, Արաբական Միացյալ Էմիրություններից։
«Ավելի երիտասարդները նախընտրում են արկածային և ժամանցային զբոսաշրջությունը, բայց և անտարբեր չեն մնում գիտական, պատմամշակութային և գաստրո տուրերից։ Ավելի տարեցները նախընտրում են առողջարանային հանգիստը և ավելի թեթև` ոչ հոգնեցուցիչ էքսկուրսիաներ՝ թանգարաններ և պատմամշակութային վայրեր։ Կարող եմ ասել, որ մեր զբոսաշրջիկները գոհ են հեռանում Հայաստանից, և, անկեղծ ասած, դեռևս որևէ դժգոհություն չեմ լսել։ Շատ են հավանում հայկական խոհանոցը, մշակույթը և առհասարակ հայերին։ Միշտ ասում են, որ կրկին կայցելեն»,- նշեց Աննա Նավասարդյանը:
ONE WAY TOUR-ի վաճառքի բաժնի ղեկավար Գոհար Հարությունյանի փոխանցմամբ՝ հատկապես իրենց տուրերում պատմամշակութային ժառանգությունը մեծ մաս է կազմում:
«Ամենապահանջված ուղղությունններից Տաթևն էր, սակայն սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հերթական ագրեսիայից հետո մոտ 80 տոկոսով նվազեց այս ուղղության նկատմամբ հետաքրքրությունը: Նույնը՝ Ջերմուկի դեպքում: Այս ամենի արդյունքում Գառնին դարձավ առաջին տեղում, որովհետև մոտ էր Երևանին և սահմաններ չունեցող մարզում էր գտնվում: Հաճելի փաստերից մեկն այն է, որ ավելացել է Արցախի ուղղությամբ մեկնողների թիվը: Բավականին ակտիվ է եղել Սևան-Դիլիջան ուղղությունը»,- նշեց վաճառքի բաժնի ղեկավարը: