«Ամբողջ երկրի իրավապահ համակարգն իբր թե չի կարողանում բացահայտել, բացառիկ «տաղանդ» է չբացահայտելու համար». Էդգար Ղազարյան

Հոկտեմբերի 18-ին Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ծեծի էր ենթարկվել իր շենքի բակում։ Նա վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստացել էր բժշկական օգնություն։

Հիվանդանոցից դուրս գալիս Էդգար Ղազարյանը նախ պատմել էր դեպքի մանրամասները, այնուհետև տեղեկացրել.

«Վերջին շրջանում ես ստացել եմ սպառնալիքներ ֆեյք պրոֆիլներից, որոնց առանձնապես ուշադրություն չեմ դարձրել։ Վստահ եմ, որ սա բացառապես իշխանության պատվեր է՝ ուղղակի ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ»։

Այսօր 168.am հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասաց, որ հանցագործությունը դեռևս բացահայտված չէ։  Գործը գտնվում է Քննչական կոմիտեում, Երևանի քննչական վարչությունում՝ ծանր հանցագործությունների բաժնում։

Կարդացեք նաև

«Արդեն անցել է մեկ ամիս, սակայն որևէ մեկը չի ձերբակալվել, որևէ մեկը չի կալանավորվել, և այս առումով հանցագործությունն իրենց տեսանկյունից մնում է չբացահայտված։ Ինձ համար այդ հանցագործությունը բացահայտված է հենց իրենց գործողությունների արդյունքում, որովհետև ես հիմնավոր կասկած եմ առաջադրել, նաև քննչական մարմնին, որ այդ հանցագործությունն ունի կազմակերպիչներ և իրագործողներ, սա ակնհայտ է։ Այսինքն՝ իրագործողները կազմակերպիչները չեն, այն կազմված է երկու դերակատարներից, այստեղ կարևոր է, թե ովքեր են հանցագործության պատվիրատուները, հիմնավոր կասկած եմ ներկայացրել, որ դա Նիկոլ Փաշինյանն է կամ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները։ Ներկայացրել եմ բազմաթիվ միջնորդություններ, որով ապացուցվում է իմ կողմից ներկայացրած կասկածը։ Սակայն քննիչը մերժել է բոլոր միջնորդությունները, մինչ այս, այդ վարկածն ըստ էության ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է։

Ստացվում է, որ ինքն այլ վարկածով գործողություն է անում ու հաջողություն չի ունենում, ապացուցվում է իմ առաջ քաշած թեզը, որովհետև հանցագործությունը չէր կարող բացահատվել այն դեպքում, եթե պատվիրատուն լիներ պետության ղեկավարը կամ բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Ըստ Էդգար Ղազարյանի, քննչական մարմինների գործողությունների արդյունքում ինքն ավելի է համոզվում, որ հանցագործության պատվիրատուն եղել է Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ իր նկատմամբ նոր հարձակման փորձեր այս ընթացքում եղե՞լ են, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ, բարեբախտաբար, նման փորձեր չեն եղել։

Էդգար Ղազարյանի մոտ հարց է առաջանում՝ ո՞ր դեպքում է  հնարավոր՝ օրը ցերեկով շենքի մոտ ծեծի ենթարկեն մարդուն, ընդ որում, դա կատարվել է հասարակական, քաղաքական գործչի նկատմամբ։ Նաև ակնհայտ է, որ այդ ամենը վիճաբանության հետևանք չէ, այլ նրանք դարանակալել են, պլանավորել են և հետևից հարձակվել՝ ծանր վնասվածքներ պատճառելով, ավելին՝ ավտոկայանատեղիում կա տեսանյութ, այսինքն՝ այդ ամենը նկարահանվել է։

«Ամբողջ երկրի իրավապահ համակարգն իբր թե չի կարողանում դա բացահայտել, բացառիկ «տաղանդ» է դա չբացահայտելու համար։ Եթե այդ մարդիկ սպանելու մտադրություն չեն ունեցել, թեպետ դա ակնհայտ էր, ապա այնպիսի հարվածներ հասցնեն, որ մարդու կենսագործունեությունը խափանվի։ Ակնհայտ է, որ այդ ամենը նպատակ է ունեցել ոչ միայն ինձ լռեցնել ու վախեցնել, այլև դաժան ու ծանր վնասվածներ հասցնել, կարող էր պատահել, որ ես շարժունակությունս ու հիշողությունս կորցնեի։ Սա նաև վկայում է այլ ընդդիմադիրների լռեցնելու մասին, այսինքն՝ այն մարդիկ, որոնք հրապարակային դաշտում են, մյուս ընդդիմադիր գործիչները տեսնելով, որ կատարված հանցագործությունը մնում է  անպատիժ, կարող է, չէ՞, նրանց մոտ վախ առաջանա, որ քիչ ու զգույշ խոսեն։ Ստացվում է, որ սա և իմ դեմ էր, և նաև այլ հասարակական գործիչների, այդ թվում՝ լրագրողների դեմ էր՝ իմ օրինակով նրանց վախեցնելու համար։ Այդ պատճառով էլ ես վստահ եմ, որ սա իշխանության կողմից կազմակերպված հանցագործություն է»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս