«Սա իշխանության պատվերն է՝ ինձ ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ». Էդգար Ղազարյան
Այսօր առավոտյան անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին։
Նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անցել էր անհրաժեշտ հետազոտություն: Արդյունքում՝ գլխի շրջանում բաց վերքին կարեր էին դրել, որից հետո դուրս էին գրել։
Բժշկական կենտրոնից դուրս գալով՝ Էդգար Ղազարյանը լրագրողներին նախ պատմեց դեպքի մանրամասները.
«Դեպքը մեր շենքի բակում է տեղի ունեցել, իրենք դարանակալել էին, ինձ սպասում էին։ Ես առավոտյան մոտակա վարսավիրանոց էի գնացել և վերադառնում էի տուն, և 2 հոգի ինձ այնտեղ սպասում էին, ակնհայտ հետևել են իմ շարժին, իմ գործողություններին։
Վերադառնալիս նկատեցի իրենց, նույնիսկ որպես շենքի կամ բնակիչ, կամ այցելու՝ բարևեցի և անցա։ Միանգամից հարձակվեցին 2 հոգով ու առանց երկար խոսելու, միայն հայհոյանքներով սկսեցին տարբեր տեղերից հարվածել, ես անգամ չհասցրեցի դիմադրություն ցույց տամ, գցեցին գետնին ու շարունակեցին գլխի շրջանում, հիմնականում, հարվածել, ակնհայտ էր իրենց մտադրությունը, կարծում եմ, որ նույնիսկ սպանելն էր, որովհետև ես իրենց ասում էի՝ դուք սպանում եք ինձ, էս ի՞նչ եք անում, դրանից հետո անշարժացա․․․ Դրանից հետո իրենք գնացին, պատահական մի մեքենա եկավ, ասաց՝ պարոն Ղազարյան, ես ձեզ ճանաչում եմ, էս ի՞նչ է եղել, եկեք ձեզ տանեմ հիվանդանոց»,- պատմեց Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ իրեն ծեծի ենթարկած քաղաքացիները որևէ խոսք կամ պահանջ չեն ներկայացրել, թե որն է նման բռնարարքի դրդապատճառը։
Ղազարյանի խոսքով՝ ինքը որևէ մեկի հետ անձնական խնդիրներ չունի, և տեղի ունեցածը պայմանավորեց իր քաղաքական գործունեությամբ.
«Վերջին շրջանում ես ստացել եմ սպառնալիքներ ֆեյք պրոֆիլներից, որոնց առանձնապես ուշադրություն չեմ դարձրել։ Վստահ եմ, որ սա բացառապես իշխանության պատվեր է՝ ուղղակի ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ»։
168.am-ի հարցին՝ հասցրե՞լ է ֆիքսել ծեծի ենթարկած քաղաքացիների դեմքերը, արդյոք նրանք երիտասարդնե՞ր են եղել, Էդգար Ղազարյանն այսպես պատասխանեց․
«Երիտասարդներ էին, երևի մինչև 30 տարեկան, մեկը մորուքով էր, բայց չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանը լիներ։ Կարծում եմ՝ պատվիրել է, ինքն անձամբ դժվար դա աներ»։
Էդգար Ղազարյանը պատմեց, որ դեպքի վայրից իրեն նախ տեղափոխել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղից արդեն շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ և հետազոտությունից հետո վիրահատական միջամտություն արել։
Հարցին՝ այս դեպքից հետո կրկին շարունակելո՞ւ է նույն ակտիվությամբ զբաղվել քաղաքականությամբ, Էդգար Ղազարյանը դրական պատասխանից հետո հավելեց. «ինձ թվում է՝ մի քիչ ավելի կակտիվացնեմ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում