India Today պարբերականը անդրադարձել է հայկական Docus ստարտափին
Հնդկաստանի ամենահայտնի լրատվական ամսագրերից India Today-ը անդրադարձել է Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն բժիշկներին զարգացող երկրների հիվանդանոցներին կապող Docus հայկական ստարտափին։
Պարբերականը գրում է, որ Docus-ը ստեղծվել է կյանքեր փրկելու համար: Docus-ի ծագման պատմությունը շատ ոգեշնչող է:
«Մեկ տարի առաջ Docus-ի համահիմնադիրներ Գևորգն ու Ռոբերտը պարզել են, որ իրենց մտերիմ ընկերը Հայաստանից լուրջ հիվանդություն ունի։ Հայ բժիշկները դժվարանում էին ախտորոշել նրա առողջական խնդիրը, իսկ վիճակը օրեցօր վատանում էր։ Զգալի ջանքերից հետո, վերջապես, նրանք գտան բարձրակարգ և հայտնի բժիշկ Ֆրանսիայից, ով համաձայնեց օգնել իրենց ընկերոջը։ Սակայն բժշկի միակ պայմանը եղել է հիվանդի ուղեկցող բժշկի հետ խորհրդակցելը` դեպքի մասին հստակ պատկերացում կազմելու համար: Երկու բժիշկները միասին մշակել են պացիենտի բուժման արդյունավետ ծրագիր՝ համագործակցելով հեռավար: Ի վերջո, նրանց ընկերը լիովին ապաքինվել է՝ ստանալով իրեն անհրաժեշտ բուժումը։ Գևորգն ու Ռոբերտն այնքան ոգեշնչված և ոգևորված էին այս հաջող արդյունքով, որ նրանք գաղափար ունեցան ստեղծելու հարթակ, որով միմյանց հետ կկապեն զարգացող երկրների և ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջատար բժիշկներին՝ ծանր առողջական խնդիրներ ունեցող պացիենտների բուժումն արդյունավետ կազմակերպելու համար»,- գրել է պարբերականը:
Այժմ Docus-ը կենտրոնացած է Հնդկաստանի վրա, որտեղ շատ բժիշկներ պատրաստ են համագործակցել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար բժիշկների հետ»,- գրել է պարբերականը:
2021 թվականին ընկերության հիմնադիրներ Ռոբերտ Սարգսյանն ու Գևորգ Նազարյանը, թողնելով Ռուսաստանում իրենց բիզնեսը, տեղափոխվել են Հայաստան և հիմնադրել Docus ընկերությունը:
Ստարտափը առաջարկում է նոր մոտեցում՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն բժիշկներին տելեբժշկության պլատֆորմայով կապում է զարգացող երկրների հիվանդանոցների հետ:
Տեղական հիվանդանոցում աշխատող մասնագետը և նրա եվրոպացի գործընկերը կազմում են բժշկական խորհուրդ, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կազմակերպել զարգացող երկրում ապրող պացիենտի բուժումը:
«Docus-ը հեղափոխական մոտեցում է առաջարկում առողջապահության ոլորտում, որի նպատակը բժշկական գիտելիքների մասսայականացումն է: Այն կարող է բարելավել Հնդկաստանի առողջապահական համակարգը՝ խթանելով համագործակցությունը հնդկական հիվանդանոցների և օտարերկրյա առաջատար բժիշկների միջև: Արդյունքում, առողջական լուրջ խնդիրներ ունեցող պացիենտները կարող են օգտվել բուժման ամենաարդյունավետ տարբերակներից»,- գրել է պարբերականը: