Էկոնոմիկայի փոխնախարարը ծանոթացավ Ջրառատի խելացի անասնագոմի հնարավորություններին
Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում գործող խելացի անասնաշենքը, միավորելով գյուղատնտեսության ոլորտում առկա բոլոր պետական ծրագրերը, վերածվել է ժամանակակից և հուսալի տնտեսության:
Ջրառատ այցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ հավելելով, որ Ջրառատում 1,5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է արվել, որի շուրջ 50 տոկոսը՝ պետական օժանդակության տարբեր ծրագրերի շրջանակներում:
«Ջրառատ համայնքի խելացի անասնաշենքի սեփականատերը օգտվել է Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրից, որի շրջանակներում ձեռք է բերել տոհմային կենդանիներ: Օգտվել է նաև խելացի անասնաշենքերի ծրագրից, ագրոպարենի ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության և գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրերից»,- ասաց փոխնախարարը:
Խոջոյանը, անդրադառնալով տնտեսության՝ կաթի վերամշակման նորաստեղծ գործարանին, ընդգծեց, որ այստեղ օգտագործվում են հայկական սարքավորումներ:
«Դա հայկական արտադրողներին նաև հնարավորություն է տալիս մրցակցել միջազգային արտադրողների հետ: Այս արտադրամասը հետաքրքիր է նաև նրանով, որ Հայաստանում քիչ է հանդիպում ագրոտուրիզմի համադրումը կաթի վերամշակման հետ: Հիմնադիրները պլանավորում են, որ ապագայում ագրոտուրիզմը և արտադրությունը համադրվելու են»,- ասաց նա:
Ֆերմայի փոխտնօրեն Վան Քարամյանը նշեց, որ ընկերությունը արդեն գործում է 3 տարի. պետական աջակցության ծրագրերի շնորհիվ կառուցել են խելացի անասնաշենքը, արտերկրից ներմուծել են ցեղական անասուններ և տեխնիկա:
«Մեր ֆերմայի կովերը ներմուծված են միայն Գերմանիայից և Հունգարիայից: Մինչև այսօր ներմուծել ենք մոտ 180 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Ներմուծել ենք 3 ցեղատեսակի խոշոր եղջերավոր անասուններ, որոնք ունեն բարձր կաթնատվություն և մսատվություն: Արդեն ունենք նաև կաթի վերամշակում, ստանում ենք բարձր յուղայնության կաթ, որից էլ ստացվում է բարձր որակի կաթնամթերք:
Անդրադառնալով ապագա պլաններին՝ նա ընդգծեց, որ փորձում են ստանալ նոր ցեղատեսակ՝ «Սեմենտալ» ցեղատեսակին սերմնավորում են «Կարմիր հոլշտեյն»-ով: «Ցանկություն ունենք այն բազմացնել Հայաստանում, որպեսզի բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան օգտվելու Եվրոպայից բերված և արդեն այստեղ ծնված, Հայաստանի կլիմային հարմարված անասնատեսակից»,- ասաց նա: