
Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2024թ. նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կրկին կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում:
«Այսօր ես հայտարարում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իմ թեկնածության առաջադրման մասին»,- ասել է նա նոյեմբերի 15-ին Ֆլորիդայի նահանգում իր կողմնակիցներին հղած հատուկ ուղերձում:
Թրամփը հավելել է, որ այդ որոշումն ընդունել է, որպեսզի «Ամերիկան դարձնի վերստին հզոր և փառավոր»:
«Ես խնդրում եմ ձեր ձայները, ձեր աջակցությունը, բարեկամությունն ու աղոթքը: Դա արտակարգ, բայց վտանգավոր արկած կլինի», – հավելել է նա:
Ավելի քան մեկ ժամ տևած ելույթում ԱՄՆ նախկին նախագահն անդրադարձել է տարբեր հարցերի, այդ թվում՝ անվտանգությանը, էներգետիկ անկախությանը և հանցավորության դեմ պայքարին: Թրամփն առաջինն է, ով հայտ է ներկայացնում 2024 թվականի ընտրություններին առաջադրվելու համար: