ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է համահունչ լինի Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու կենսունակությանը. Հայ դատի հանձնախումբ
ԱՄՆ-ի քաղաքականությունը Կովկասի նկատմամբ պետք է ամրապնդի Հայաստանի և Արցախի անվտանգությունն Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքներից: Այս մասին նշվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ, որը ներկայացվել է նոյեմբերի 16-ին կայանալիք տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումների համար:
«ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պետք է համահունչ լինի Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու կենսունակությանը` տարածաշրջանում առկա գոյաբանական սպառնալիքների պայմաններում: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ պետք է առաջնահերթություն տա այդ երկրի հաշվետվողականությանը անցյալ և շարունակվող հանցագործությունների համար: Կովկասում ԱՄՆ-ի ներկայիս, խորապես թերի քաղաքականությունը ժողովրդավարական Հայաստանին դասախոսություններ է առաջարկում ժողովրդավարության մասին, ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող ռազմական օգնություն է ուղարկում բռնատիրական Ադրբեջանին և բոլորովին օգնություն չի ցուցաբերում վտանգի տակ գտնվող Արցախին: Դա պետք է փոխվի», – նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում, որը ներկայացվել է կառավարական գործերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանի կողմից:
Հայտարարությունն անդրադառնում է հանձնախմբի մի շարք առաջնահերթությունների, այդ թվում՝
- Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնության վերաբերյալ 907-րդ հոդվածի սահմանափակումների ամբողջական կիրարկում,
- Արցախին 50 միլիոն ԱՄՆ դոլարից ոչ պակաս ուղղակի մարդասիրական օգնության տրամադրում,
- պաշտոնական հետաքննություն թուրքական անօդաչու թռչող սարքերի հետ կապված զենքի արտահանման խախտումների շուրջ,
- Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների հետաքննություն՝ ներառյալ արգելված զինամթերքի օգտագործումը, օտարերկրյա վարձկանների հավաքագրումը, մշակութային և կրոնական հուշարձանների պղծումները, ինչպես նաև՝ հայ ռազմագերիների անօրինական պահումը, նրանց նկատմամբ բռնությունը և նրանց սպանությունը և այլն:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումները տեղի կունենան չորեքշաբթի՝ նոյեմբերի 16-ին: Բանախոսների շարքում են ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերեն Դոնֆրիդը և ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը: