«Անգամ նախաքննության տված ցուցմունքներով չի ապացուցվում Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքը». Լևոն Բաղդասարյան
ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը, որոնք նրա մահվանից հետո վերսկսվել էին այս տարվա փետրվարից, ակտիվ ընթանում են։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Դատական նիստերը բնականոն հունով ընթանում են, գտնվում ենք ակտիվ դատաքննության փուլում։ Այս պահին լսում ենք վկաներին, որից հետո կունենանք միջնորդություններ՝ լսելու նաև պաշտպանական կողմի վկաներին»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։
Ըստ փաստաբանի, այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ վկաների ցուցմունքներով ըստ էության չի ապացուցվում այն, ինչի համար կալանավորվել էր Մանվել Գրիգորյանը։
«Անգամ նախաքննության տված ցուցմունքներով չի ապացուցվում Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքը։ Բոլորդ էլ հիշում եք, թե ինչպիսի «գեղարվեստական» ձևով սկզբից ներկայացվեց այս քրեական գործը՝ հայտարարություններ, ընդհուպ մինչև անմեղության կանխավարկածի խախտում։ Բայց այսօր դատաքննության փուլում վկաները, որպես կանոն, անկաշկանդ ցուցմունքներ են տալիս, ինչով նրա մեղքը չի ապացուցվում։ Կարծում եմ՝ նրան մեղսագրվող արարքներ ըստ էության չեն ապացուցվել, հուսանք, դատարանը կիրականացնի արդարադատություն»,- հավելեց Լևոն Բաղդասարյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ գործը տանելու են մինչև վերջ՝ Մանվել Գրիգորյանին արդարացնելու հիմքով։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թվականին, նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարացել էր, վիճակն առավել վատացել էր հատկապես Արցախը հանձնելու մասին լուրին տեղեկանալուց հետո։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին գեներալ-լեյտենանտը մահացել է հիվանդանոցում:
Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացման համար):



