«Հադրութն ընկնելուց հետո գիտեինք՝ թշնամին գալիս է դեպի Շուշի, դա տրամաբանական էր. մարտերը կազմակերպված չէին, ամեն մեկն իր իմացածով էր կռվում». Շուշիի քաղաքապետ

2020 թվականի նոյեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի վերահսկողությունն անցավ Ադրբեջանի զինված ուժերին, թեպետ Հայաստանում իշխանությունը, ՊՆ այն ժամանակվա ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում էին՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Ավելին՝ նոյեմբերի 9-ին Արցախի 75 տոկոսը հանձնելուց մի քանի ժամ առաջ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։

2020 թվականի նոյեմբերի 8-ին էլ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հեշթեգով գրել էր՝ գյոռբագյոռ 2020 թվական, այնուհետև ավելացրել՝ չմոռանաք պատմության համար։

Մինչ հայ հանրությանը իշխանությունը տարբեր գրառումներով ու հնարքներով վստահեցնում էր, թե հաղթելու են, Ադրբեջանում արդեն նշում էին Շուշիի գրավումը։

168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ նոյեմբերի 7-ից Շուշիի վերահսկողությունն արդեն անցել էր ադրբեջանական կողմին։ Ըստ նրա, Շուշիի հարցում Հայաստանի իշխանությունը միայն մեկ ճիշտ բան է հայտարարել, որ Շուշիի համար զորքը կռվում է։

Կարդացեք նաև

«Ճիշտ է, բոլորն էլ կռվում էին, բայց ամեն ինչ անկազմակերպ էր, կռվողները սովորական զինվորներն ու կամավորներն էին, իշխանությունը երևի տեղյակ էլ չէր՝ քաղաքի ներսում ինչ էր կատարվում։

Շուշիի համար պայքարել է նաև եղբայրս իր վաշտով, ես իմ վաշտով, միայն 1,5 ժամ Շուշիում էլեկտրացանցի մոտ մարտեր են ընթացել, նոյեմբերի 3-ին թշնամուն հետ են շպրտել, իրենց «յաշմա» ջոկատն է եղել։ Երբ լեռնաշղթայով բարձրանում էին, կրկին զոհեր են տվել, մոտ 250 թուրք բարձրանում էր, որ մտնեին Շուշի, գոնե նրանց մի մասը զոհվել է, զոհեր են տվել նաև Քարինտակում։ Մարտերը կազմակերպված չէին ընթանում, ամեն մեկն իր իմացածով ու իմացած ճանապարհով էր կռվում։

Հադրութն ընկնելուց հետո մենք գիտեինք, որ թշնամին գալիս է դեպի Շուշի, դա տրամաբանական էր, բայց իշխանությունը չկարողացավ կազմակերպել, որպեսզի նրանց շարժը կասեցվի, եթե ամեն ինչ լավ կազմակերպեին, հիմա Շուշին մերը կլիներ, Բերձորն էլ հետը, այդքան զոհեր չէինք ունենա հենց Շուշիի ճանապարհի տակ, սա աններելի է»,- շեշտեց Արծվիկ Սարգսյանը։

Ըստ Շուշիի քաղաքապետի, 2020 թվականի նոյեմբերի 5-ին ադրբեջանական մեկ ջոկատի հաջողվել է ներթափանցել Շուշի՝ երկրորդ մուտքի ճանապարհով, նրանց մեջ եղել են նաև դիպուկահարներ, վարձկաններ, իսկ նոյեմբերի 7-ին ավելի մեծ թվով ջոկատներ են մտել քաղաք։ Շուշիի էլեկտրացանցի մոտով անցել են Իսայի աղբյուրի մոտ, մտել են անտառ ու դուրս են եկել լիցքավորման կայանի մոտ, ու մի քանի վայր։

«Բայց նույնիսկ այդ ժամանակ այնտեղ եղած զինվորները մարտնչում էին։ Այդ օրերին այնտեղ եղած զինվորներից, ովքեր ադրբեջաներեն լավ են իմացել, ասում էին, որ ներթափանցած խմբի անդամներն ադրբեջաներենով չէին խոսում, ըստ նրանց՝ վարձկաններ են եղել, թուրքեր։

Նոյեմբերի 4-ին «համար մեկ» տվեցին, ու եղբայրս իր վաշտով գնացել էր Շուշի՝ նշածս էլեկտրացանցի մոտ, գիշերվա 03։30-ից մարտեր են վարել, Լիսագորից մարդիկ տեսել են, թե այդ ուղղությամբ ադրբեջանական ինչ մեծաքանակ զորք է շարժվում։ Այդ հատվածում եղել են նաև Հայաստանից եկած բժիշկներ, նրանք զոհվել են, այդտեղ բոլորը զոհվել են»,- պատմեց մեր զրուցակիցը։

Արծվիկ Սարգսյանի փոխանցմամբ, հոկտեմբերի 29-ին Շուշիի ամբողջ բնակչությանը տարհանել էին ու տեղափոխել Գորիս, բոլորն էլ դուրս էին եկել այն հույսով, որ մի քանի օրից վերադառնալու են, որևէ մեկը տնից որևէ իր չէր վերցրել։

«Տարհանել ենք կանանց ու երեխաներին, կային կանայք, ովքեր չէին ուզում դուրս գային, որովհետև ամուսինները, որդիներն առաջնագծում էին, բայց քանի որ ադրբեջանցիներն արդեն վերցրել էին Ավետարանոցն ու Սղնախը, վտանգը մոտենում էր, ու ստիպված էինք տարհանել։ Մեզ պետականորեն հրահանգեցին, որ բնակիչներին անվտանգ վայր տեղափոխենք, ու ինքս անձամբ սկսեցի զբաղվել այդ գործով։

Մարդիկ մտածում էին՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի նման կլինի ու չորս օր հետո կկանգնի, բայց նրանք այդպես էլ չվերադարձան իրենց տուն»,- շեշտեց Արծվիկ Սարգսյանը։

Նա համոզված վստահեցրեց՝ եթե Շուշին չընկներ, ապա մեծ հաղթանակ ապահովելն ավելի հեշտ կլիներ։

Հիշեցնենք, որ Արցախի 75 տոկոսը հանձնելու վերաբերյալ փաստաթուղթը ստորագրելուց ժամեր անց՝ նոյեմբերի 10-ի առավոտյան, երբ ամբողջ հայ ազգը սգում էր իր հայրենիքի ու զավակների կորուստը, ոմանք դուրս էին եկել փողոց ու հրապարակ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, Նիկոլ Փաշինյանն էլ  ֆեյսբուքյան իր էջում էր ակտիվ գործունեություն ծավալում, 3 տեսանյութ և 10 գրառում, որոնցից մեկով  տեղեկացնում էր, որ իր կեցավայրից «գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր»։

Տեսանյութեր

Լրահոս