Բաժիններ՝

«Չասեմ, երբ կարող ենք կառուցել, բայց ասեմ, որ գործընթացը գնում է». Քաղաքապետը՝ Աջափնյակում մետրոյի կայարան կառուցելու մասին

«Ինչպես ասել էի՝ 2023 թվականին, վստահ եմ, որ 70 տոկոսի չափով կլուծենք տրանսպորտի խնդիրը: Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, բայց առաջնահերթ քայլերից մեկն է: 2023 թվականին 87 MAN մակնիշի ավտոբուս արդեն կլինի Երևանում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ այս տարի հայտարարվել էր նաև մրցույթ 165 «Ժոնգտոնգ» մակնիշի ավտոբուսների ձեռքբերման համար, որից 155-ն արդեն ամբողջությամբ պատրաստ է և 4-5 օրվա ընթացքում Չինաստանից կուղևորվեն դեպի Հայաստան: Ակնկալում են, որ մինչև դեկտեմբեր 150 ավտոբուս կլինի Երևանում:

«Դրել էինք նաև տրոլեյբուսների մրցույթ: 15 տրոլեյբուս մեկ ամսվա ընթացքում պատրաստ կլինի, և համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է, որ դեկտեմբերին կլինեն Երևանում: Հաջորդ 15 տրոլեյբուսների ձեռքբերումը, ակնկալում ենք, որ կլինի հունվարին: Դա կառավարության աջակցությամբ է»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետը նշեց, որ ակնկալվում է՝ սեպտեմբերին կլինի ավտոբուսների կառավարման կենտրոնը, քանի որ արդեն թիվը մեծ է լինելու: Կլինի էլեկտրոնային կառավարման ձևով:

Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է նաև Աջափնյակում մետրոյի կայարան կառուցելու աշխատանքներին՝ նշելով, որ նախագծման փուլում է, վերջնական փուլը պատրաստ կլինի 2023 թ. հունիս-հուլիս ամիսներին։

Կարդացեք նաև

«Չեմ կարծում, որ 2023 թվականին սկսվի կառուցումը: Կարծում եմ՝ միջազգային կազմակերպությունների միջոցով կիրականացնեն, քանի որ ծրագրում կան էներգախնայողության կոմպոնենտեր, և այստեղ հնարավորություն կլինի ներգրավել դրամաշնորհներ»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավոր է 10 տարո՞ւց սկսեն կառուցել, Հրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Չասեմ, երբ կարող ենք կառուցել, բայց ասեմ, որ գործընթացը գնում է, Երևանի բյուջեից արդեն 800 միլիոն դրամ է հատկացվել, որպեսզի նախագծման աշխատանքները սկսեն, իսկ 2023 թվականին բյուջեով նախատեսված է 1 միլիարդ 100 միլիոն նախագծման աշխատանքների համար, որից հետո կսկսեն աշխատանքները»։

Տեսանյութեր

Լրահոս