Բաժիններ՝

«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան, կատալոնական «Բարսելոնա»-ի երկարամյա ֆուտբոլիստ Ժերար Պիկեն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: Ֆուտբոլիստն այս մասին գրել է սոցցանցերի իր էջերում:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության նոյեմբերի 5-ին կայանալիք «Բարսելոնա»-«Ալմերիա» հանդիպումը վերջինն է լինելու Պիկեի համար:

Իր հայտարարության մեջ Պիկեն նշել է, որ ֆուտբոլը, «Բարսելոնա»-ն, երկրպագուները իրեն տվել են ամեն ինչ, իսկ հիմա եկել է ժամանակը, որպեսզի այս ճամփորդությունը իր ավարտին հասնի: «Ես միշտ ասել եմ, որ «Բարսելոնա»-ից հետո որևէ այլ թիմում չեմ լինի, և ահա, թե ինչպես է դա լինում: «Նոու Կամպ» մարզադաշտում այս շաբաթվա խաղը վերջինը կլինի ինձ համար: Ես կդառնամ մշտական երկրպագու, ես կաջակցեմ թիմին: Ես «Բարսելոնա»-ի հանդեպ սերը կփոխանցեմ իմ երեխաներին: Եվ դուք գիտեք ինձ, վաղ, թե ուշ՝ ես կվերադառնամ»,- ասել է Պիկեն:

Պիկեն «Բարսելոնա»-ի ակադեմիայի սան է: 2004/08 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, 2006/07 վարձավճարով խաղացել է «Սարագոսա»-ում, իսկ 2008 թվականից «Բարսելոնա»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստներից է: Պիկեն հանդես է եկել Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում: Ընտրանու կազմում դարձել է 2010 թվականի աշխարհի և 2012 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն: «Բարսելոնա»-ի կազմում 8 անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի կոչումը, 7 անգամ` արքայական գավաթը, 6 անգամ Իսպանիայի Սուպերգավաթը, երեք անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել, նույնքան անգամ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս