Այս ամենը հրապարակային եմ դարձնում, որպեսզի նրանք, որոնք Նիկոլի հետ դեռևս հույսեր են կապում, հասկանան, որ մարդու այն տեսակը, իրավունք չունի՛ պետություն կառավարել․ Մակեյան
Հոկտեմբերի 31-ին Սոչիում հերթական եռակողմ հայտարարության ստորագրման օրը, որով կրկին անտեսվեց մեր ազգային շահը և Արցախի գոյությունը, Երևանում կայացավ իմ հայցադիմումով 2-րդ դատական նիստն ընդդեմ դե ֆակտո Նիկոլի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» թերթը հրապարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի, որի կողմից տարիներ շարունակ յուրացվել է իմ շահաբաժինը, իսկ այժմ ոչ միայն հրաժարվում են վճարել, այլև՝ խոչընդոտում տեղեկության տրամադրումը։ 2021թ-ին բացահայտվեցին տարատեսակ ապօրինություններ և կոռուպցիոն դրսևորումներ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում։ Դատական նիստին չեմ ներկայացել, քանի որ դատարանը կրկին չի իրազեկել, նիստին մասնակցել է փաստաբան Արայիկ Պապիկյանը։
«Դարեսկիզբ» ՍՊԸ-ն իրազեկված եղել է, բայց այս նիստին ևս, ինչպես նախորդին, մասնակցություն չի ունեցել։ Հիշեցում՝ տարիներ առաջ, երբ Նիկոլը, որպես վկա դատարանում ցուցմունք տվեց, ինչպիսի քարոզչություն արեցին, թե տեսեք, տեսեք վարչապետը ցուցմունք է տալիս դատարանում, բայց հիմա իր հպատակներին թույլ չեն տալիս անգամ դատարան ներկայանալ։
Իրազեկեմ նաև, որ սույն թվականի օգոստոսի 8-ին դիմել եմ դատախազություն, «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի ապօրինությունների և կոռուպցիոն դրսևորումների մասով քրեական վարույթ է հարուցվել, գործող օրենքներով դատական գործընթացները ժամանակավորապես կասեցվում է, մեր կողմից նման միջնորդություն է ներկայացվել։
Հ․ Գ․ Երբ 2019 թ-ից սկսեցի քննադատել օրվա իշխանություններին, հատկապես ներքին քաղաքականության, մասնավորապես՝ կադրային հարցերով, պարգևավճարների, տարատեսակ կոռուպցիոն դրսևորումների մասով, արդյունքում՝ հոկտեմբերի 28-ին ԱԱԾ-ի կողմից կազմակերպվեց ահաբեկչություն ընտանիքիս հանդեպ, իսկ 2021թ-ի հունվարից, երբ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից պահանջեցի վճարել ինձ չվճարված շահաբաժինը՝ միաժամանակ հայտարարելով, որ այլևս որևէ ձևով չեմ ցանկանում կապ ունենալ Նիկոլի հետ և վաճառքի հանեցի իմ 10 տոկոս փայաբաժինը, ինչին հետևեց տարատեսակ սադրանքներ, ստիպված սույն թվականի օգոստոսի 12-ին դիմել եմ դատախազություն՝ ահազանգելով այդ մասին, սակայն դատախազությունը քրեական վարույթ չհարուցեց և դրանով հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունը թողնելով դատախազության վրա։
Հ․Հ․Գ․ Այս ամենը հրապարակային եմ դարձնում, որպեսզի նրանք, որոնք Նիկոլի հետ դեռևս հույսեր են կապում, հասկանան, որ մարդու այն տեսակը, որը չունի մարդկային որևէ արժեհամակարգ, չի՛ կարող և իրավունք չունի՛ պետություն կառավարել։
Պետրոս Մակեյան