«Հրաշագործը». Սպասվում է Գյումրու դրամատիկական և Համազգային թատրոնների համատեղ աշխատանքի առաջնախաղը

Երևանում սպասվում է Գյումրու պետական դրամատիկական և Համազգային թատրոնների համատեղ աշխատանքի`«Հրաշագործը» ներկայացման առաջնախաղը: Պիեսը հիմնված է վավերագրական պատմության վրա: Այն մի աղջկա մասին է, որը կույր է և խուլ: Նա չի կարողանում շփվել մարդկանց հետ ու հայտնվում է վատ հոգեվիճակում: Ու ահա գալիս է մի ուսուցիչ, որն ուզում է երեխային օգնել խոսել:

«Ներկայացման առանցքում հավատն է, որն ուսուցիչը ուներ: Շատերը չէին հավատում, որ դա նրան կհաջողվի անել: Ուսուցիչը ոչ մի րոպե չի կորցնում հավատը: Նա վստահ է լինում, որ կարող է երեխային սովորեցնել խոսել: Նա չի կորցնում համբերությունը, կամքը, իսկ վերջում ձեռք է բերում սեր»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում պատմում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը: Ներկայացման գլխավոր դերակատարը հաղթող հերոս է, որն իր կամքն առաջ է տանում, որովհետև հավատում է՝ կարող է դա անել: Նարինե Գրիգորյանը նկատեց, որ շատերը կարող են գտնել իրենց այս ներկայացման մեջ: Գյումրիում այն հանդիսատեսին ներկայացնելուց հետո բազմաթիվ արձագանքներ են եղել ուսուցիչներից ու բժիշկներից. նրանք ասել են, որ դա հենց իրենց մասին է:

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ ներկայացումն այնքան մեծ հնչեղություն է ստացել, որ Գյումրիում բոլոր օրերին այն անցել է լեփ-լեցուն դահլիճում: Այժմ հերթը Երևանինն է: Մայրաքաղաքի հանդիսատեսը հնարավորություն ունի վայելելու Գյումրու պետական դրամատիկական և Համազգային թատրոնների համատեղ աշխատանքը:

«Ասեմ, որ առաջիկա ներկայացումների տոմսերն արդեն սպառվել են. այդքան մեծ հետաքրքրություն կա հանդիսատեսի կողմից: Երբ գաղափարը կա ու դրան հավատում են, վստահում են քեզ, դա էլ ավելի պարտավորեցնող է: Գյումրու թատրոնը ավանդույթ ունեցող թատրոն է, սակայն շատ կարևոր է, որ կարողանանք դռները բացենք լավ ստեղծագործողների առաջ, ինչը և արեցինք»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսվել է, այսօր գործնականում երևում է: Այն է՝ միջհամայնքային համագործակցություն, համախառն ստեղծագործական կազմ, թատրոնների ստեղծագործական կոլեկտիվների ներփակվածության հաղթահարում, ավելի շատ ռեժիսորական ձեռագրեր և այլն:

«Պետք է հաղթահարել գավառականությունը թե մայրաքաղաքում, թե մայրաքաղաքից դուրս: Երկու թատրոնների համատեղ աշխատանքը ձևավորում է նոր մշակույթ: Այսօր բազմաթիվ քաղաքացիներ Երևանից գնում են Գյումրի ներկայացում դիտելու, մեր աշխատանքին դրանից ավելի լավ գնահատական չկա»,-ասաց Արա Խզմալյանը:

Առաջիկայում սպասվում է, որ երկու թատրոնների համատեղ բեմադրությունը՝ «Հրաշագործը», կներկայացվի նաև մյուս մարզերում, սահմանամերձ համայնքներում:

Տեսանյութեր

Լրահոս