Բաժիններ՝

ԱՊՊԱ-ն ի՞նչ գործ ունի վարորդների ակտերի հետ. Վարորդները՝ հունվարից սպասվող ԱՊՊԱ-ի փոփոխության մասին

Վարորդներին հունվարից ԱՊՊԱ-ի վճարման կարգի փոփոխություն է սպասում։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է, որ մրցակցությունը գներով է լինելու, և որպեսզի շատ հաճախորդ ունենա՝ պետք է ավելի հարմար գին առաջարկեն:

«10-15 տոկոս վարորդների համար գինն իջնելու է, մոտ 30 տոկոսի համար գինը չի փոխվի, նու, շատ պուճուր՝ 1-2 տոկոս, ևս մոտ 55 տոկոս վարորդների համար մինչև 30-40 տոկոս կարող է բարձրանալ գինը։ 23 կատեգորիա ա տրվելու վարորդներին, օրինակ՝ առաջին կատեգորիայինը լինելու է 15 հազար դրամ, վերջինը՝ 86500 դրամ: ԱՊՊԱ-ի համար նկատելի բարձր կվճարեն ղեկին խիստ ռիսկային վարք ունեցող, երթևեկությունում վտանգ ներկայացնող մեքենայատերերը։ Համակարգն առանձնացնելու է շատ խախտումներ ու տուգանքի ակտեր ունեցողներին։ Այդ ուղղությամբ ապահովագրականները դեռ բանակցում են Ճանապարհային ոստիկանության հետ, որ տեսնեն վիճակագրությունը, բայց կոնկրետ այս ընկերությունում արդեն որոշել են, թե հաշվարկների վրա ո՛ր կոպիտ խախտումները կազդեն»,– ասել է «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը։

Իսկ, թե ԱՊՊԱ-ն ի՞նչ կարժենա տրանսպորտային միջոցի տարիքի ու շարժիչի հզորության հետ՝ որոշիչ է դառնալու այն շահագործողի անհատական վարքագիծը․ բոնուս-մալուսի հաշվարկում՝ ապահովագրականները վթարի մասնակից լինել-չլինելուն զուգահեռ՝ առաջիկայում հաշվի են առնելու նաև վարորդի խախտման ակտերն ու շատ այլ հանգամանքներ։ Առանձնացված ռիսկերի հիման վրա յուրաքանչյուր ընկերություն իր հաշվարկի սխեմա-մեխանիզմն է մշակելու:

Վարորդները, սակայն, այս փոփոխությանը վերապահումով են վերաբերվում: Չեն կարծում, որ այս որոշումը նաև գների նվազման կարող է հանգեցնել:

Կարդացեք նաև

«ԱՊՊԱ-ն ի՞նչ գործ ունի վարորդների ակտերի հետ, ակտ ունեցող վարորդն ակտը մուծում է, էլ ինչո՞ւ մի հատ էլ թանկ ԱՊՊԱ անի, միանգամից թող ասեն՝ թանկացնում են, ու վերջ: Եթե մի վարորդ 20 տարի մեքենա է վարել, ու ոչ մի լուրջ վթար չի եղել, ինչո՞ւ նրա ու մյուսների միջև տարբերություն չեն դնում. նման լուծումներ թող փնտրեն»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

«Փոփոխություն են անում՝ էլի մեր գրպանի հաշվին: Տրամաբանական կլինի, որ Բոնուս-Մալուս դասը կազմված լինի վարորդի տուգանային պատմությամբ, քան վթարներով, իսկ մեքենայի ապահովագրական վճարը մեքենայի շուկայական արժեքով որոշվի, քան ձիաուժերի քանակով: Կարծում եմ՝ այսկերպ կթանկանան բոլոր մալալիտրաժ մեքենաների ԱՊՊԱ-ները, որոնք Երևանի գրանցում ունեն»,- նշեց մեկ այլ վարորդ:

Հավելենք, որ վարորդների կատարած խախտումների, տուգանային միավորների վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի ԱՊՊԱ-ին: Կենտրոնական բանկը «ՀՀ կառավարության 2011 թ․ հունվարի 13-ի N 15-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որի համաձայն՝ նախատեսվող փոփոխությունների ընդունման արդյունքում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգին կփոխանցվի վարորդների կողմից որոշակի տրանսպորտային միջոցներով կատարվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և (կամ) այդպիսի խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն նրանց տրվող տուգանային միավորների վերաբերյալ տեղեկատվությունը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից առնվազն տարին մեկ սահմանվում են հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները: Օրենքով Բոնուս-Մալուսը սահմանվում է որպես ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, որի համար հիմք է ընդունվում ապահովագրական և (կամ) վարորդական պատմությունը։

ԱՊՊԱ համակարգի ներդրման պահից սկսած՝ ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանության հիմքում դրվել է ապահովադիրների կամ ապահովագրված անձանց միայն ապահովագրական պատմությունը՝ մասնավորապես ապահովադրի պայմանագրի շրջանակներում երրորդ անձանց պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշումների առկայությունը, քանակը, իսկ վերջին շրջանում՝ նաև հատուցվող գումարի չափը։

Սակայն սկսած 2023 թվականից՝ Բյուրոն ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող պատահարների կանխմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, ի թիվս այլոց, նախատեսում է նաև առավել սերտ կապ ստեղծել ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների չափի և նրանց կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում դրսևորվող կարգապահության միջև։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել Բոնուս-Մալուս համակարգի հիմքում մինչ այժմ դրված վերոհիշյալ մոտեցումը և դրանում հաշվի առնել նաև ապահովադիրների վարորդական պատմությունը, այսինքն՝ նրանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ կատարված վարչական իրավախախտումների քանակը և (կամ) դրանց համար համապատասխան վարորդներից հանված միավորների (բալերի) քանակը։ Այդպիսի մոտեցումը էլ ավելի կմեծացնի վարորդներին տրվող միավորների (բալերի) կարևորությունը՝ նպաստելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նվազեցմանը, որն էլ իր հերթին՝ խթան կհանդիսանա պատահարների կանխարգելմանը։

Տեսանյութեր

Լրահոս