![](/banners/BeFunky-design.jpg)
Մի՛ տրվեք օտար և եղկելի ավանդություններին, ձեր դեմքն ու էությունը մի՛ դարձրեք գարշելի ու դիվային․ Ասողիկ աբեղա Կարապետյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/imgonline-com-ua-Resize-yzRXoT6E9amq1H.jpg)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինքնություն և ինքնագիտակցություն չունեցողը միայն կարող է տրվել օտար «տոների», օտար «տոնախմբությունների»:
Մարդը նաև հասարակական էակ է, բազմիցս է ասվել, այդպիսով հանդերձ նա կոչված է հավատարիմ ժառանգորդը լինելու իր նախնյաց: Մեծագույն պարտավորություն ունի ամեն մի հասարակական էակ սրբորեն կրելու և անեղծ ու անկորուստ պահպանելու իրեն փոխանցված ազգային հոգևոր ավանդը:
Այդ պարտականությունից հրաժարվելը՝ ազգասպանություն է, ինքնասպանություն է:
Կյանքն աստվածաշնորհ շվայտանալու համար չէ, միմիայն անձնական հաճույքների, ցանկությունների ու շահի ետևից գնալը չէ. ճշմարիտ անձնական կյանքն ազգային հոգևոր կյանքով անձնավորված ու մարմնավորված կյանքն է: Այդ անձնական կյանքի առանցքում Արարիչ Աստված է և Նրա ավանդը: Ահա, միայն այսպիսի անձնական կյանքով ապրողը կարող է լինել գոհունակ, երջանիկ, խաղաղ, ստեղծագործ ու շինարար, ինչի արդյունքում էլ ողջ հասարակական կյանքում կտրի ներդաշնակությունը և բարօրությունը:
Այս կյանքն է Հայոց Եկեղեցին, դարեր շարունակ, ջանացել հաստատելու և արմատավորելու ի Հայս: Այս կյանքի միջոցով է, որ մենք տեսնելու ենք աստվածային Լույսը և վայելելու Նրա և միմյանց օրհնությունն ու սերը:
Մի՛ տրվեք օտար և եղկելի ավանդություններին, և ձեր դեմքն ու էությունը մի՛ դարձրեք գարշելի ու դիվային: Միայն այն, որ ձգտում ենք այլանդակ կերպավորում ընդունել, վկայում է՝ չար ենք և չարագործ, հակառակ ենք ճշմարիտ բարությանը, գեղեցկությանն ու Լույսին»։