Ընդդիմությունը մոտեցումների վերանայման խնդիր ունի. AntiFake.am

Երբ ռուս մեծ հեղափոխական Լև Տրոցկին ելույթ էր ունենում հեղափոխական խմբակներում, որտեղ հավաքվում էին ժամանակի ռուսական քաղաքական մտավորականության ամենաինտելեկտուալ դեմքերը` Պլեխանովի և Լենինի գլխավորությամբ, և վերլուծում էին հեղափոխական գործընթացների անհաջող փորձերի պատճառահետևանքային կապերը, Տրոցկին հայտարարում էր, որ վատն է այն հեղափոխականը, որը փողոցում ծայրահեղական չէ` ակնհայտորեն նկատի ունենալով այն, որ «հեղափոխություն» ասվածը հակոտնյա է «սահմանադրականություն» եզրույթին: Եվ հիրավի չի կարող լինել իրական դասական հեղափոխական գործընթաց, որը կարող է ենթադրել հարմարվողականություն ընդունված խաղի կանոններին:

Տրոցկու դիտարկմամբ՝ ռուսական քաղաքական մտավորականության կողմից հեղափոխական կտրուկ քայլերի հանդեպ սկեպտիկ վերաբերմունքը գալիս էր քաղաքական պատասխանատվության խուսափումից և վճռականության պակասից: Լև Տրոցկին անկհայտորեն շեշտադրում էր, որ ռուսական ընդդիմադիր քաղաքական մտավորականությունը լճացման մեջ է, որովհետև այն սովոր էր եվրոպական մայրաքաղաքների վեհաշուք սրահներում վիսկիի, սիգարների կամ սուրճի ու թեյի ուղեկցությամբ խոսել հեղափոխության մասին` չհասկանալով այն պարզ իրողությունը, որ հեղափոխությունը չի սիրում միայն սրահներ: Հեղափոխությունը փողոցն ու հրապարակներն են, որտեղ խարիզմատիկ հռետորները բոցավառում են մարդկանց սրտերը և սեփական օրինակով նետվում անգամ ամենախելահեղ վտանգին ընդառաջ: Կոնցեպտուալ առումով չի կարող լինել անգամ դասական հեղափոխության փորձ՝ առանց անձնազոհ մոտեցումների:

Երբ 1923թ. Մյունխենում նացիստները երթ էին իրականացնում, որը պատմության մեջ մտավ «Գարեջրային Պուտչ» անվանմամբ, երթը գլխավորում էր նացիստական կուսակցության քաղաքական վերնախավը՝ Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ: Երբ նրանք հասել էին Մյունխենի Օդեոնսպլաց փողոց, որից ոչ շատ հեռու գտնվում էր կարևոր ռազմավարական օբյեկտ հանդիսացող ՊՆ շենքը` զորքերը փակեցին նրանց ճանապարհը: Հիտլերի գլխավորությամբ երթը ոչ միայն հետքայլ չարեց, այլ գնդակահարության վտանգի ներքո շարժվեց առաջ: Առաջին շարքից շատերը զոհվեցին, իսկ Հիտլերը մի կերպ փրկվեց՝ հետագայում 9 ամսով հայտնվելով Լանդսբերգյան բանտում:

Երբ 1917-ի փետրվարին ցարիզմից դժգոհ Պետդումայի անդամները իշխանություն էին վերցնում Ռուսաստանում, առաջնորդները, Կերինսկու գլխավորությամբ, ցարական զորքերի կողմից հարյուրավոր ցուցարարների գնդակոծության ժամանակ անգամ չէին մտածում սեփական անվտանգության մասին: Երբ նույն 1917-ի հոկտեմբերին արդեն բոլշևիկներն էին իշխանություն վերցնում Տրոցկու գլխավորությամբ, կրկին չկար անձնական շահերի շեշտադրում` ներառյալ անվտանգություն և ապահովություն:

Այս պատմաքաղաքական էքսկուրն անհրաժեշտ է, որպեսզի հասկանալի լինի ներկայումս հայաստանյան ընդդիմության շարունակաբար կրկնվող անհաջողության պատճառները: Այսպես․

1. Հոդվածի սկզբում նշվեց Լև Տրոցկու ելույթներից մի արտահայտություն, որը բնորոշում է մեր այժմյան ընդդիմությանը: Այդ համատեքստում պետք է արձանագրել շատ կարևոր մի բան․ ընդդիմությունը Հայաստանում թե՛ ՀՓՇ-ի և՛ թե Դիմադրության շարժման ժամանակ, ցանկանալով իրականացնել փողոցային գործընթաց, ուշադրությու՛ն` լինելով փողոցում չի գործել փողոցային գործընթացներին բնորոշ տրամաբանության մեջ: Սա առաջին և ամենակարևոր պատճառն է: Ընդդիմությունը փողոցային շարժումների շրջափուլում անգամ դուրս չի եկել որոշակի «կոմֆորտ զոնայի» տրամաբանությունից:

2. Հոդվածում խոսվեց նաև ռուսական հեղափոխության շրջանակներում ռուսական քաղաքական մտավորականության կողմից սրահներում անվերջ քննարկումների և ժողովների մասին, որը հստակ քննադատության էր ենթարկվում Լև Տրոցկու կողմից, որովհետև Տրոցկին գտնում էր, որ քննարկումների փուլը անցել է, և հեղափոխությունը չի սիրում անվերջ սրահներ, քննարկումներ։ Ընդունենք, որ հայաստանյան ընդդիմությունն անգամ նման քննարկումներ չի իրականացնում, ինչպիսիք իրականացնում էին Պլեխանովը, Լենինը և բազմաթիվ այլ բոլշևիկներ` հայտնի ինտելեկտուալներ ռուսական հեղափոխություններին ընդառաջ: Հայաստանյան ընդդիմությունը, լինելով ֆրագմենտացված, փակվել է սեփական կաբինետներում և չի նախաձեռնում հասարակական դիսկուրս առկա իրավիճակի մասին:

3. Հայաստանյան ընդդիմության և առավելապես փողոցում տիտղոսային առաջնորդների շրջանում պակասում է սեփական «կոմֆորտ զոնայից» դուրս գալու և անձնազոհության պատրաստակամությունը: Պատմությունը ցույց է տալիս, որ փողոցում հաղթում են այն գործընթացները, որոնց առաջնորդները խարիզմատիկ լեգիտիմություն են ունենում հանրության տարբեր շերտերում: Իսկ խարիզմատիկ լեգիտիմությունը փողոցում ձևավորվում է, երբ քաղաքացիները տեսնում են, որ առաջնորդը իրենցից մեկն է, որը պատրաստ է ամենածայրահեղ անձնազոհությանը՝ հանուն իրենց: Եվ հետևաբար, երբ 30%-ից ավել աղքատություն ունեցող երկրում հանրությունը տեսնում է, որ փողոցում գործողություններ իրականացնողները թանկարժեք մեքենաներով, «կոստյում-փողկապներով» անձինք են, հանրությունը թերահավատորեն է մոտենում այդ գործընթացներին։

Ամփոփելով պետք է փաստել, որ հեղափոխությունը չի լինում «դատարկ տեղը»: Հեղափոխությունը չի լինում առանց սրահներում խոհափիլիսոփայական մտքերի բախումների: Հեղափոխությունը չի լինում նաև սրահներով և անվերջ քննարկումներով: Հեղափոխությունը չի լինում «կոստյում-փողկապներով»:

Հեղափոխության համար անհրաժեշտ են և՛ ինտելեկտուալ քննարկումներ, և՛ խարիզմատիկ առանջնորդներ, և՛ հեղափոխական տղաներ ու աղջիկներ։ Հետևաբար, այսօր ընդդիմությունն ունի սեփական մոտեցումները վերանայելու հրատապ խնդիր: Վերը նշված կետերի շուրջ առարկայական քննարկումների և անհրաժեշտ հետևությունների բացակայությունը էլ ավելի է խորացնելու ներկա ապատիկ իրավիճակը ընդդիմադիր դաշտում, ինչը ձեռնտու է միայն Հայաստանը աղետի տանող կապիտուլյացիոն վարչակարգին:

Աղբյուր՝ AntiFake.am

Տեսանյութեր

Լրահոս