«Արցախում սպասվում է հուժկու հանրահավաք. կսահմանվեն մեր կարմիր գծերը». Հակոբ Հակոբյան

«Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական մարմինները, իշխանությունները, ողջ հանրությունը չէին կարող ձեռքերը ծալած նստել, ուստի վաղն ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը հրավիրել են հանրահավաք, որին նախորդելու է ԱԺ արտահերթ նիստ«,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Արցախի ԱԺ արտահերթ նիստին կընդունվի մի հայտարարություն, որով կսահմանվեն Արցախի կարմիր գծերը. «Այդ հայտարարության մեջ նշված կլինեն արցախահայության բոլոր նպատակներն ու իղձերը և այն կարմիր գծերը, որոնք պետք է սահմանվեն: Բոլորը պարտավոր պետք է լինեն հաշվի նստել այդ կարմիր գծերի հետ, քանզի այդ բանակցությունների արդյունքում ձևավորված պայմանավորվածություններն ուղղակի վերաբերում են Արցախում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու»:

Հակոբ Հակոբյանը նշեց, որ իրենց մտավախությունն այն է, որ այսօր Հայաստանի և Արցախի շահերը միջազգային ատյաններում ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը. «Նա իր այս մի քանի տարվա գործունեության արդյունքում հասցրեց նրան, որ այսօր բանակցում են Արցախի և Հայաստանի մասին, բայց այդ բանակցություններում իր որոշիչ խոսքը չունի ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը: Հայաստանի իշխանությունները բազմիցս փորձելով խուսանավել կամ ժողովրդին մանիպուլացնելու արդյունքում իրենց թերությունը ծածկելով՝ մեկ հայտարարում են, որ կա միջազգային հանրություն, որը ստիպում է իջեցնել նշաձողը, մեկ հայտարարում են, որ չկա որևիցե փաստաթուղթ, որը դրված է բանակցությունների սեղանին, այնուհետև հայտարարում են, որ կան Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկություններ, և մենք այդպես էլ չլսեցինք, որ կա Հայաստանի կողմից ներկայացված ամփոփ մի փաստաթուղթ, որտեղ ներկայացված են մեր ցանկություններն ու որոշումները, և այդ հայկական թուղթն էլ է դրված բանակցային սեղանին: Արդյունքում ստացվում է, որ բանակցային սեղանին դրված են Հայաստանը և Արցախը, և միջազգային հանրությունը, հավաքական Արևմուտքը, ՌԴ-ն կամ հենց Ադրբեջանը քննարկում են, թե ինչ պետք է լինի մեզ հետ: Անհանգստացնողը դա է»:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի վերջին թվիթերյան գրառումը ցույց է տալիս, որ Հայաստանը համաձայն կլինի ռուսական տարբերակին, եթե Ռուսաստանը կարողանա հասնել դրան. «Այսինքն՝ հոկտեմբերի 31-ին, մեծ հաշվով, բանակցություններն ու քննարկումները լինելու են ոչ թե եռակողմ, այլ երկկողմ՝ ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև, և Նիկոլ Փաշինյանը նստած սպասելու է, թե արդյո՞ք ՌԴ ղեկավարը կարողանալու է համոզել Ադրբեջանի նախագահին ընդունել մի այնպիսի փաստաթուղթ, որին իբր թե Նիկոլ Փաշինյանը համաձայն է»:

Կարդացեք նաև

Նա նկատեց, որ Արցախի իշխանությունները, իրենց բոլոր թերություններով հանդերձ, այսօր կիսում են այն կարծիքը, ինչ ողջ արցախահայությունը. «Նրանց համար նույնպես կարմիր գիծ է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և, որ Արցախի Հանրապետությունը կայացած հանրապետություն է՝ իր բոլոր ինստիտուտներով, և պետք է հնարավորություն ունենա իր ինքնիշխանությունը, իր պետության գոյությունը շարունակելու»:

Հակոբ Հակոբյանը համոզված է, որ Արցախի համար առոչինչ է ցանկացած փաստաթուղթ, որտեղ նշված կլինի, որ Արցախն Ադրբեջանի մաս է. «Որևիցե մի փաստաթուղթ չի կարողանալու դադարեցնել մեր պայքարը, որևիցե փաստաթղթի արդյունքում չենք ընդունելու, որ Ադրբեջանի մաս ենք կազմում: Ցանկացած նման փաստաթուղթ համարելու ենք առոչինչ և պայքարելու ենք ոչ միայն մեր թշնամու, այլ նաև այդ փաստաթուղթը կերտողների դեմ: Վաղը մենք ականատես կլինենք բազմահազարանոց հուժկու հավաքի, որտեղ արցախահայությունն իր այդ գործողությամբ ցույց է տալու, որ Արցախում բնակվող յուրաքանչյուր հայ պատրաստ է ապրել իր հողի վրա և ոչ մի գնով դա չի զիջելու Ադրբեջանին՝ անկախ նրանից, թե ինչ փաստաթուղթ կստորագրվի: Թող մեզ ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ Հայաստանի իշխանությունները չվախեցնեն իրենց փաստաթղթերով: Արցախի Հանրապետությունը կերտվել է մեր բազմահազար քաջորդիների արյունով, այստեղ այնքան խիտ է այդ էներգետիկան, որ դրա վրա ոչ մի փաստաթուղթ չի կարողանալու ազդել: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս