Կենտրոնի թաղապետարանի տարածքում գործող «Ամարաս» տպարանը կփակվի, առաջարկել են լքել տարածքը
Կենտրոնի թաղապետարանի տարածքում գործող «Ամարաս» տպարանն այլևս չի գործի: Տպարանի տնօրեն Արկադի Ասրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տարածքը Քաղաքապետարանին է պատկանում, և իրենց առաջարկել են լքել այն:
«Տպարանն այստեղ գործում է 50 տարի: 36 տարի է, որ ես եմ այն ղեկավարում: Պայմանագրերը երկարաձգել ենք, հետո ժամկետն անցել է, ու որոշել են, որ տարածքը պետք է ազատենք: Գույքը տեղափոխելու առումով օգնություն առաջարկել են, բայց իմաստ չեմ գտել, որովհետև, եթե դեմոնտաժ անենք հաստոցները ու նորից տանենք, մոնտաժենք, չի լինի, պրոբլեմներ կունենանք: Տպարանն էլ չի գործի և այս, և այն պատճառով, որ արդեն թոշակառու եմ»,- ասաց Արկադի Ասրյանը՝ հավելելով, որ միշտ կողքից եղել են խոսակցություններ՝ տարածքը լքելու առնչությամբ, բայց մինչ օրս իրենց չեն խանգարել, քանի որ գրքեր են հրատարակել: Շուրջ 700 անուն գիրք է հրատարակվել:
«Ամարաս» տպարանի տնօրենը հայտնեց նաև, որ մշտական 14 աշխատող են ունեցել, բայց, օրինակ, հանրագիտարաններ հրատարակելու ժամանակ ընդգրկել են ևս 6 հոգու:
Քաղաքապետարանի լրատվական բաժնից էլ մեզ տեղեկացրեցին, որ իրավական որևէ փաստաթուղթ՝ սեփականության վկայական կամ վարձակալության տալու իրավունք չի եղել:
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այլ տարածք առաջարկվել է, Քաղաքապետարանից հայտնեցին՝ որևէ տարածք չի առաջարկվել, քանի որ չկա իրավական հիմք:
Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի նկուղային հարկում 1971 թվականից գործունեություն է ծավալում «Ամարաս» մասնավոր տպագրատունը։