«Հոկտեմբերի 27-ի կրակոցներն ուղղված էին այսօրվան․ հիմա Վազգեն Սարգսյանի կարիքը կա․․․»․ Սամվել Նիկոյան
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության 23-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները։
ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի կրակոցներն ուղղված էին այսօրվան․
«Պատմությունը գալիս է ապացուցելու, որ այդ օրերին սպանվեց ազգայինը, ոգեղենը, մարդկայինը, և այսօրվա իրողությունները եկան ապացուցելու այն, ինչ մենք ասում էինք դեռ 23 տարի առաջ, որովհետև Վազգեն Սարգսյանն էություն էր, անհատ էր, որ երևի 100 տարին մեկ է Աստված որևէ ժողովրդի տալիս։ Վազգենն այդ մարդկանցից էր։
Վազգենը կարողացավ առաջնորդել, ոգեղենություն հաղորդել մեր ազգին, մեր ժողովրդին իր հետևից տանել, և մենք կարողացանք տիրել մեր հայրենիքի մի մասին։ Այն կենսատարածքները, որ անհրաժեշտ էր որևէ պետության և ժողովրդի՝ իր բնականոն կյանքը կազմակերպելու համար, Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ մենք կարողացանք դա իրականացնել։
Այդ օրերի հետևանքը հիմա զգում ենք մեզ վրա։ Չե՞ք զգում, որ հիմա Վազգեն Սարգսյանի կարիքը կա, պակասը կա, իր էության պակասը կա։ Այն ժամանակվա կրակոցները երևի թե ուղղված էին այսօրվան։
Չկա՛ այն առաջնորդը, որը կարող էր ճիշտ ուղղությամբ առաջնորդել, չկա այն առաջնորդը, որը մարդկանց ուղեղի մեջ ազգի և պետության հավիտենության գաղափարը կսերմաներ և կընկներ առաջն ու կտաներ․․․»։