«Հոկտեմբերի 27-ի գործով արտաքին քաղաքական հետքի ուսումնասիրությունը և իրական պատվիրատուների բացահայտումը հնարավոր կլինի լուրջ պետականություն, ուժեղ պետություն ունենալու պարագայում». Արամ Սարգսյան

«Գործի ամբողջական վերաբացումը կախված է Հայաստանի լիարժեք ինքնիշխանության ձեռքբերման հետ, որովհետև գործն ունի արտաքին քաղաքական հետք»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։

Նա պնդեց, որ ՀՀ գործող իշխանությունը Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացել է․

«Ստեղծել է քննչական խումբ ԱԱԾ-ում, ինչը ես ի սկզբանե համարել եմ ճիշտ, համարել եմ, որ Դատախազությունն իր մասով քննությունն ավարտել է, և ավելին, որ ուզենա էլ՝ չի կարող անել, որովհետև արտաքին քաղաքական հետքն է պետք ստուգել։

Ինձ հարցաքննել են, հարցաքննությունը ԱԱԾ-ում 2.5 ժամից ավելի է տևել։ Ինձ զարմացրեց ԱԱԾ երիտասարդ քննիչի գործի իմացությունը։ Հիմնական ուղղությունը, ինչով իրենք հետաքրքրվում ու հարցնում էին, վերաբերում էր ներհայաստանյան կազմակերպչական կամ պաշտոնական անգործության խնդիրներին ավելի շատ, քան արտաքին քաղաքական հետքին։

Կարդացեք նաև

Բայց պետք է ասեմ, որ անգամ 2001 թվականին անջատված մասով ինձ կանչել են ցուցմունք տալու Քննչական կոմիտեում, որտեղ իմ ցուցմունքները վերաբերել է Մեղրիի տարբերակով արտաքին հետքին, որտեղ ես նշել եմ այն ժամանակ առաջարկվող, դեռ փակ վիճակում առաջարկվող Մեղրիով հարցի լուծման 4 վարիացիաները, իմ ձեռքով նկարել եմ քարտեզների այն տարբերակները, ինչը ժամանակին մեզ բացատրում էր Վարդան Օսկանյանը, և ասել եմ, որ կարծում եմ՝ այս ուղղությամբ ու այս հետքով պետք է աշխատանք արվի։

Բայց ես շատ լավ հասկանում եմ  նաև, որ սա ՀՀ անկախության, միջպետական պայմանավորվածությունների և բազմաթիվ այլ խնդիրների հետ է կապված։ Արտաքին քաղաքական հետքի ուսումնասիրությունը և իրական պատվիրատուների բացահայտումը հնարավոր կլինի լուրջ պետականություն, ուժեղ պետություն ունենալու պարագայում ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս