«Ուկրաինայում Ռուսաստանը լուծում է, այդ թվում՝ նաև հայկական պետականության պահպանման հարցը». Արտաշես Գեղամյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Ազգային միաբանություն» կուսակցության հիմնադիր նախագահ, ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր Արտաշես Գեղամյանն է: Զրույցի առանցքում այն իրավիճակն է, որում հայտնվել է Հայաստանը մեծ աշխարհաքաղաքականության, նոր, բազմաբևեռ աշխարհի կառուցման համատեքստում:
Արտաշես Գեղամյանը վերլուծում է երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող քայլերը, որոնք, նրա համոզմամբ՝ թելադրվում են նրանց իշխանության բերած անգլո-սաքսոնական ուժերի կողմից:
Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացման՝ վերջին երկու ամիսներին հստակորեն ուրվագծվող պրոարևմտյան վեկտորը, Ռուսաստանի Դաշնության՝ մեր գլխավոր ռազմավարական դաշնակցի հովանավորությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածություններից խուսափելու բացահայտ ձգտումը, ըստ Գեղամյանի, խոսում են այն մասին, որ դրանք ակնհայտ ու լիակատար սպառնալիք են Հայաստանի կողմից Արցախը վերջնականապես կորցնելու համար և հայկական պետականության գլխին կախված դամոկլյան սուր:
Այս համատեքստում է Ա. Գեղամյանը դիտարկում թիվ մեկ նորություն դարձած այն փաստը, որ Հայաստանը պերսոնա նոն գրատա՝ անցանկալի անձ է հայտարարել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին՝ ոչ միայն խոշոր պետական գործչին, այլև բոլոր հնարավոր հարթակներում երկար տարիների ընթացքում Հայաստանի ու հայերի շահերը պաշտպանող մարդուն:
«Համոզված լինելով, որ վաղ թե ուշ Ռուսաստանը, անշուշտ, կհասնի Ուկրաինայում իր նպատակներին, անգլո-սաքսոնները ձգտում են նրա համար բացել երկրորդ ճակատը: Եվ ազգային շահերի դավաճանների մեր ներկայիս կառավարությունը պատրաստ է ոչ միայն բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի շահերից բխող ու մեզ թելադրված խաղաղության պայմանագիր կնքել, այլև ԱՄՆ-ի շահերից բխող, որը չի թաքցնում Ռուսաստանի փլուզման իր ցանկությունը: Նման հաշտության պայմանագիրը հանգեցնում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը Արցախից և Հայաստանի սահմանից, ինչպես նաև տարածաշրջանից Ռուսաստանի դուրս գալուն»,- ասում է Ա. Գեղամյանը։
Նա անդրադառնում է ներկա իրավիճակում Իրանի դերին։ Գեղամյանը նաև պնդում է, որ աշխարհում ծագած ներկայիս առճակատումը քաղաքակրթությունների պատերազմ է, արժեքային համակարգերի պատերազմ, որում Հայաստանը պարտավոր է բռնել մարդկային գոյության իմմանենտ հիմքերի, ընտանիքի, հասարակության և քրիստոնեական եկեղեցու առողջ, ավանդական հիմքերի կողմը։
«Մենք պետք է հասկանանք, որ այսօր Ուկրաինայում Ռուսաստանը ոչ միայն պաշտպանում է արժեքային այս հարացույցը, այլև Ուկրաինայում Ռուսաստանը լուծում է, ի թիվս այլ հարցերի, հայոց պետականության պահպանման հարցը»,- վստահ է Արտաշես Գեղամյանը։
Սոնա Մելոյան