«Ես ցանկանում եմ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ». Փաշինյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե արդյոք կա՞ հավանականություն մինչև տարեվերջ կնքելու, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, որքանո՞վ է այդ պայմանագիրը նշանակում՝ բարեկամություն կնքել թշնամիների հետ։
Փաշինյանն այսպես պատասխանեց պատգամավորին․
«Ես ցանկանում եմ կամ կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ։ Ինչքանո՞վ է դա իրատեսական, ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ։ Ես և կառավարությունը հնարավոր բոլոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական։
Կա մի այսպիսի կարևոր հանգամանք, որ մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։
Ինչքանո՞վ է դա իրատեսական։ Եթե հաշվի առնենք, որ մենք Պրահայում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ըստ էության դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, որովհետև այդ սահմաններն ըստ էության հայտնի են։
Շատ կարևոր է նաև հետևյալ հանգամանքը, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ Սա շատ կարևոր հանգամանք է և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների անվտանգության և պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն։ Շատ լավ կլինի և շատ գոհ կլինեմ, եթե մենք կարողանանք դա անել․․․»։
Մանրամասները 168.am-ի տեսանյութում