Աշխարհի բացարձակ չեմպիոնն իր հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած, սահմանի համար իրենց կյանքը չխնայած հայ զինվորներին

Գերմանիայում տեղի ունեցած Աշխարհի ուժային եռամարտի առաջնությանը Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան ներկայացնող 110 կգ քաշային կարգով Արտյոմ Խուգոյանը դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն՝ իր անվան կողքին գրանցելով չգերազանցված արդյունք՝ 800 կգ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում աշխարհի բացարձակ չեմպիոն Արտյոմ Խուգոյանն ընդգծեց, որ Հայաստանի դրոշն աշխարհում բարձր պահելով՝ ցանկացել է առաջին հերթին աշխարհին ցույց տալ, որ անգամ այս ծանր ժամանակներում հայը չի կոտրվել ու շարունակում է պայքարել ու արձանագրել նվաճումներ։

«Աշխարհի բացարձակ չեմպիոնի այս հաղթանակս նվիրում եմ մեր երկրին, մեր պետությանն ու մեր զինվորներին. մեր այն զինվորներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին մեր հողի համար, նվիրում եմ նաև նրանց, ովքեր այսօր պաշտպանում են մեր պետության սահմանը»,- ասաց մարզիկը։

Խոսելով հաղթանակների մասին՝ Խուգոյանն ընդգծեց՝ դրանք ավելի շատ կլինեն, եթե ուժային եռամարտը հայտնվեր պետության ուշադրության կենտրոնում և արժանանար պետական ֆինանսավորմանն այնպես, ինչպես այլ մարզաձևեր։

Ըստ Խուգոյանի՝ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի առաջ ծառացած խնդիրները շատ են. օրինակ՝ մարզաձևը, չլինելով օլիմպիական, զրկված է պետական ֆինանսավորումից, այդ պատճառով այս մարզաձևով զբաղվող մարզիկներն իրենց բոլոր կարիքները՝ նյութատեխնիկական հագեցվածություն և այլն, հոգում են սեփական միջոցներով, ինչը մարզիկի համար առաջացնում է լրացուցիչ դժվարություններ։

«Մարզիկը չպետք է մտածի իր անձնական միջոցները սպորտաձևի մեջ ներդնելու կամ հովանավորող գտնելու մասին. իհարկե, կան անհատներ, որոնք մեր մարզիկների կողքին են, բայց հանած այդ բացառությունները, մեր սպորտաձևով զբաղվող մարզիկները հիմնականում իրենք են հոգում իրենց բոլոր կարիքները՝ հագուստից սկսած՝ մինչև այլ երկրներ մեկնելու ավիատոմսի և հյուրանոցի ծախս. ավելին՝ մենք ունենք շատ լավ մարզավիճակում գտնվող մարզիկներ, որոնք, բացառապես ֆինանսական խնդիրներով պայմանավորված, չեն մասնակցում աշխարհում կայացող տարատեսակ մրցումներին»,- ուժային եռամարտի ֆեդերացիայի առաջ ծառացած խնդիրները մատնանշելով՝ ընդգծեց Արտյոմ Խուգոյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս