«Հայաստանի սննդի արտադրության ոլորտը ճգնաժամի մեջ է». Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2022 թվականի երկնիշ տնտեսական աճն անկանխատեսելի և տպավորիչ է, որը պայմանավորված է ռուսների գալով և խոշոր գումարների ներհոսքով։ Հարկ է նշել, որ ծառայությունների և առևտրի ոլորտներն են հիմնականում ապահովվել այս տարվա տնտեսական աճը, որը խթանել է սպառման ծավալների աճը։ Ուշագրավ է, որ ռուս տուրիստների առկայությունն և սպառման ծավալների աճը չեն նպաստել Հայաստանի սննդամթերք արտադրող ձեռնարկությունների գործունեության ակտիվացմանը։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝
1․ մսի արտադրության ծավալը նվազել է 5,3 տոկոսով,
2․ երշիկեղենի արտադրության ծավալը նվազել է 5,4 տոկոսով,
3․մսից կիսապատրաստվածքների արտադրության ծավալը նվազել է 42,1 տոկոսով,
4․ զտած յուղերի արտադրության ծավալը նվազել է 35,5 տոկոսով,
5․ կաթնաշոռի արտադրության ծավալը նվազել է 3,9 տոկոսով,
6․ թթված կաթի և մածունի արտադրության ծավալը նվազել է 4,6 տոկոսով,
7․ թթվասերի արտադրության ծավալը նվազել է 16,1 տոկոսով,
8․ պաղպաղակի և ուտելի սառույցի արտադրության ծավալը նվազել է 35,9 տոկոսով,
9․ թարմ հացի արտադրության ծավալը նվազել է 0,4 տոկոսով,
10․ տորթերի, հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 39,6 տոկոսով․
11․ Հրուշակեղենի և շաքարե հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 39,6 տոկոսով,
12․ կերակրի աղի արտադրության ծավալը նվազել է 40,2 տոկոսով,
13․ խաղողի գինու արտադրությունը նվազել է 12,6 տոկոսով,
14․ հանքային և գազավորված ջրերի արտադրության ծավալը նվազել է 15,6
15․ չգազավորված, բնական ջրերի արտադրության ծավալը նվազել է 3,6 տոկոսով։
Նույն ժամանակահատվածում ավելացել են հյութերի, ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի, գարեջրի, ալկհոլային խմիչքների և սիգարետի արտադրության ծավալները։
Հայաստանի սննդի արտադրության ծավալների անկման վրա ազդել են մի շարք գործոնները։ Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում գյուղանտեսության ոլորտը 5,5 տոկոս անկում է գրանցել․ զգալի կրճատվել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, ինչը հանգեցրել է կաթի արտադրության ծավալների նվազմանը։ Այս տարվա ընթացքում կարագի արտադրության ծավալների 2,6 անգամ աճը պայմանավորված է Իրանից ներկրվող էժան կաթի սերուցքի հումքով։ Բացի այդ, տեղական արտադրությանը մեծ վնաս են հասցրել ներկրվող ապրանքները, որոնք անհամեմատ էժան են դարձել դրամի գերարժևորման պայմաններում։ Տարեսկզբին բիզնեսի համար էլեկտրաէներգիայի, գազի և ջրի սակագների բարձացումներն էլ ավելի ծախսատար են դարձրել տեղական արտադրությունները։
Նման իրավիճակն երկար պահպանվելու դեպքում Հայաստանը կկորցնի իր տնտեսության համար այցեքարտ դարձած ճյուղը՝ սննդի արտադրությունը, որտեղ աշխատում են հազարավոր մարդիկ, իրենց հումքն են իրացնում հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսությունները։