Ոստիկանությունում, ՊՊԾ-ում, ԱԱԾ-ում աշխատավարձի կրկնապատկում պետք է արձանագրել. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում մոտ են վերջնական որոշումների կայացմանը, և որ Կառավարությունն արդեն լիարժեք ձևակերպված ծրագիր ունի․
«Թերևս պետք է անցնենք այդ ծրագրի իրականացմանը։ Նաև բուն ոստիկանության բարեփոխումների գործընթացն ենք մեկնարկել։ Վերադառնալով մեր նախորդ նիստերից մեկում արտահայտված մտքին, ուզում եմ կրկին ընդգծել, որ մեր առաջիկա նպատակների մեջ, բացի այս վերնագրերի և անվանումների փոփոխություններից, շատ կարևոր է, որ մենք մեզ համար առաջնահերթություն ենք համարում մասնավորապես ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Փրկարար ծառայության, Պետական պահպանության ծառայության նոր ստանդարտների հաստատումը և ստանդարտի մեջ նկատի ունենք նաև աշխատավարձը։
Ես խնդիր եմ ձևակերպել, որ այս փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև Զինված ուժերում, ըստ էության արդեն բյուջետավորման խնդիրը լուծվել է․ այս բոլոր հատուկ ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ, ըստ էության մենք պետք է առաջիկա տարիների ընթացքում կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում, բայց զուգահեռ արձանագրելով, որ դա ինքնաբերաբար տեղի չի ունենալու, այլ ատեստավորման գործընթացի միջոցով, որպեսզի մենք հընթացս համոզված լինենք, որ բարձր աշխատավարձ ստացող մեր հատուկ ծառայությունների ներկայացուցիչները համապատասխանում են մեր ակնկալիքներին։
Թեման այն չի, որ մենք հիմա դրան կասկածում ենք, թեման այն է, որ մենք ուզում ենք ստեղծել ինստիտուտ, որտեղ ըստ էության ինքնաբերաբար շատ բան արդեն նաև աշխատողների համար կանխատեսելի կլինի․․․»։
Փաշինյանը Ոստիկանության հետ կապված ևս մեկ արձանագրում արեց, հիշեցնելով Կառավարության որոշումը, ըստ որի՝ երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգերը՝ արագաչափեր, տեսախցիկներ, մասնավորից վերադարձվել է պետական կառավարման ոլորտ․
«Ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ և այսօրվանից մենք լիարժեք արդեն հանձնման-ընդունման գործընթացը կատարվել է․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում