Ինձ համար պարզ չէ, թե ինչո՞ւ եք գնում, պպզում էստակադայի վրա, լուսանկարվում. Աբգարյանը՝ Ավինյանին

«Երևանի ավագանու նիստերն անցնում են համաձայն հստակ օրակարգի: Եթե նախքան փոխքաղաքապետ դառնալն ուշադիր լինեիք Երևանի ավագանու նիստերին, այդ հարցերի պատասխանները հնչել են»,- խոսքն ուղղելով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ասաց ավագանու անդամ Իզաբելլա Ավագյանը:

Ավինյանը, նշենք, որ ավագանու նիստի ընթացքում բարձրացրել էր տրանսպորտի հարցը՝ ընդգծելով, որ շրջայցերի ժամանակ հիմնականում հարցերն այս ոլորտին են վերաբերում, ու Տրանսպորտի վարչության ժ/պ Հայկ Սարգսյանին խնդրել էր անդրադառնալ տրանսպորտային ցանցի աշխատանքին:

Իսկ Երևանի ավագանու անդամը շարունակելով միտքը՝ ասաց.

«Ուշադիր հետևում եմ Երևանի քաղաքապետարանի լրատվությանը, և պարզ է դառնում, որ հիմնականում քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը և քաղաքացիների հետ շփումը ունի մեկ հստակ ուղղվածություն, այն է՝ Ձեր քարոզարշավը կազմակերպելը, պարո՛ն Ավինյան: Օրինակ, ինձ համար պարզ չէ, թե ինչո՞ւ եք գնում, պպզում էստակադայի վրա և լուսանկարվում, որովհետև ոչ մի կապ չեք ունեցել այդ նախագծի հետ: Նոր բանի բացում էլ չէր, լավ ա՝ լենտ չէիք կապել՝ կտրում: Մի՛ արեք այդպիսի բաներ, թե չէ մեր բակում էլ հիմա աղբարկղ են դրել, բայց պոլիէթիլենային տոպրակը չեն հանում, կարող եք գալ՝ դա էլ հանել, նկարվել»,- ասաց Իզաբելլա Ավագյանը:

Կարդացեք նաև

Ավագանու անդամը հիշեցրեց նաև մի դեպք, երբ փորձել են չինական ավտոբուսների գնումը տապալել, ու ավագանու նիստերի դահլիճում սաբոտաժ է եղել:

«Մեկ ձայնով մի կերպ անցկացրեցինք, որ գնենք, թե չէ Երևանում հիմա դա էլ չէր լինելու, երևանցիները ոտքով էին ման գալու: «Իմ քայլից» ինձ փոխանցեցին, որ Ձեր հորդորն է՝ «ավելի լավը կառնենք»: Ես իրոք, հիմա տեսնում եմ, որ առնում ենք ավելի լավերը մի քանի հատ: Արդեն Հրաչյա Սարգսյանի օրոք հայտարարված մրցույթում կրկին նույն ընկերությունն է շահել ու նույն ավտոբուսներն են գալու: Արդյո՞ք կրկին հորդորելու եք չվճարել այդ ավտոբուսների համար»,- հարցով եզրափակեց խոսքը Իզաբելլա Աբգարյանը:

Տեսանյութեր

Լրահոս