«Պարո՛ն Ավինյան, սա ավագանու նիստ ա. ձեր սիրելի ուղիղի եթերում կարող էիք բարձրաձայնել». Էռնեստ Ավանեսով

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստի ժամանակ բարձրացրեց տրանսպորտի հարցը՝ ընդգծելով, որ շրջայցերի ժամանակ հիմնականում հարցերն այս ոլորտին են վերաբերում, ու Տրանսպորտի վարչության ժ/պ Հայկ Սարգսյանին խնդրեց անդրադառնալ տրանսպորտային ցանցի աշխատանքին:

Հայկ Սարգսյանը հայտնեց, որ մինչև տարեվերջ կլինի 165 8.5 մետրանոց ավտոբուս և 30 տրոլեյբուս:

«Մինչև մյուս տարվա առաջին եռամսյակի ավարտը կունենանք թվով 87 12 մետրանոց երկար ավտոբուս, որոնք արդեն գրեթե 90 տոկոսով կհամալրեն մեր ցանցը: Այս պահի դրությամբ ավտոբուսների տեխնիկական սպասարկման հետ խնդիր ունեինք: Հիմա պահեստամասերը Երևանում են, բայց մաքսատանը խնդիրներ կան։ Հուսով եմ՝ այս խնդիրները շուտով կլուծվեն, և կշահագործվեն այն ավտոբուսները, որոնք ներկայումս չեն գործում: Իսկ երթուղայինների հետ կապված քաղաքացիների հարցադրումները շատ են»,- ասաց Հայկ Սարգսյանը:
Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ փուլում է միասնական տոմսային համակարգը, և պարզ դարձավ, որ դեռևս քննարկումներ են ընթանում, մրցույթը կվերահայտավորվի:

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը խոսքն ուղղելով Տիգրան Ավինյանին՝ ասաց. «Սա ավագանու նիստ է, ոչ թե գործակարգավարական: Նաև ձեր սիրելի ուղիղ եթերում կարող էիք բարձրաձայնել և բոլոր հարցերի պատասխանները ստանալ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս